ԿԽՄԿ-­ն ԼՂ հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորած անձանց ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։ Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից, ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երևանուն և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում գործող առաքելության կողմից:

Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004թ.­-ին, որից հետո ԿԽՄԿ­ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ­-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։

Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ­ն շարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։ ԿԽՄԿ­-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր, և հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագրերը հստակեցնելու հարցը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է։




Լրահոս