2016 թ. Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների:
Ազատ Ասոյանի նորածին եղբարը՝ Նարեկը ծնվել է 2015թ. հուլիսի 7-ին:
Արթուր Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը ևս շուտով կմայրանա և Արթուրի ծնողները որոշել են, որ նորածին որդին ևս պարտադիր պետք է ծառայի բանակում:
«Մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չունի»,-սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բանաձև է, որով էլ այսօր ապրում է Սարգիս Ստեփանյանը: Նա պատրաստվում է ծառայողական աստիճանով վեր բարձրանալ, առաջիկայում կամենում է սովորել ռազմական ակադեմիայում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զոհված զինվորների ծնողների հետ խոսելիս նշեց.
«Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ ձուլվելով հավերժին: Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը նրանց կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը: Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Իրոք որ «մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»: