Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայությունից, քաղաքացի Մկրտիչ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Մկրտիչ Գ.-ն հայտնել է, որ հիշյալ ստորաբաժանման հարկադիր կատարողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չեն կատարում ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի օրինական ուժի մեջ մտած՝ քաղաքացի Ինա Հ.-ի կողմից ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժելու վերաբերյալ դատական ակտը:

Քաղաքացի Մկրտիչ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս