ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու հոգի մահացել է, մեկը՝ ծանր վնասվածք ստացել:
ArmLur.am-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ դեպքի պատճառը խոտի դեզի այրվելն է եղել, իսկ ավելի ստույգ՝ անճշտություններն ու ենթադրությունները:
Բանն այն է, որ սպանված Արտյոմ Խամոյանի և վիրավորված Արման Խամոյանի ընտանիքն արդեն ավելի քան տասը տարի թշնամական հարաբերություններ ունի համագյուղացի, գործով կասկածյալ 35-ամյա Սեդրակ Ղ.-ի ընտանիքի հետ: Օրեր առաջ վերջինիս պատկանող խոտի դեզն այրվել է, և նա միանգամից կասկածել է Խամոյաններին: Պարզաբանում ստանալու ակնկալիքով` գնացել է նրանց տուն: Խամոյանները հերքել են, որ առնչություն ունեն հրկիզման հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ավարտվել՝ սպանությամբ:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ դեռևս ապացուցված չէ, որ խոտի դեզը հրկիզել են Խամոյանները, սակայն մի կաթիլ մեղրի պատկերն ունենք. ոչ մի բանի պատճառով կան զոհեր և վիրավոր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կասկածյալը բերման է ենթարկվել, պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։ Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։ Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել փորձաքննություններ։