Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին:
Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի ինքնագնահատման հարցաշարի վերաբերյալ ՀՀ ՊՆ պատասխանները և ստանալ լրացուցիչ պարզաբանումներ, ինչի հիման վրա մեկնարկելու են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական գնահատման խմբի այցի արդյունքները և հետագա անելիքները, ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նպատակների, կենտրոնի գործունեության հիմքում ընկած պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների ապահովման հայեցակարգային ուղղությունների մշակման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակման և իրականացման մեթոդները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրույցի ընթացքում կարևորել է ՀՀ ՊՆ արդյունավետ մասնակցությունը Բարեվարքության ամրապնդման ծրագրին:
Փորձագիտական գնահատման խմբի անդամները շնորհակալություն են հայտնել այցը պատշաճ կերպով կազմակերպելու և աշխատանքային կառուցողական մթնոլորտի համար՝ ընդգծելով, որ խումբը բավարարված է այցի արդյունքներով և այս թեմայով լրացուցիչ այց չի պլանավորում: Նրանք Պաշտպանության նախարարին ներկայացրել են իրենց հիմնական դիտարկումները և տեղեկացրել, որ սկսում են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման համար առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները: