Սիրիայից ռուսական զորքերի անսպասելի դուրսբերումը համաշխարհային մամուլի գլխավոր թեմաներից է դարձել: Մարտի 14-ին երեկոյան ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ ռուսական զորքերի դուրսբերման մասին հրաման է արձակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ նշում են, որ տարածաշրջանից ռուսական զորքերի դուրսբերումը հարված կհասցնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակցային դիրքերին: Կասկածի է տակ է դրվում նաև այն, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա հասնել արևմտյան պատժամիջոցների թուլացմանն ու պահպանել տարածաշրջանում իր ազդեցությունը:
Սիրիական SANA գործակալությունը հաստատում է, որ զորքերի դուրսբերումը քննարկվել է Պուտին-Ասադ հեռախոսազրույցի ընթացքում: «Հեռախոսազրույցը կայացել է ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ սիրիացի զինծառայողների հաղթանակի ֆոնին: Հաջողվել է համաձայնության հասնել, իսկ բազմաթիվ զինյալներ վայր են դրել զենքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սիրիական Raia Lyoum պարբերականը գրում է. «Դամասկոսը համոզված է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Ահաբեկչության դեմ համատեղ պայքարը ոչ ոք չեղյալ չի համարել»:
DNN Դամասկոսի լուրերի գործակալությունը 2 պատճառ է նշում, որոնք բացատրում են Պուտինի որոշումը: «Առաջինը հրադադարն է, որը Ռուսաստանին հաջողվեց հաստատել: Երկրորդ պատճառն այն է, որ մենք բոլորս փակուղու մեջ ենք: Այդ մասին վկայում են այն փաստերը, որ բանակցություններ են ընթանում երկրի դաշնայնացման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Թաշրին» պարբերականը նշում է, որ Բաշար Ասադը բարձր է գնահատել Սիրիայում ռուս օդաչուների «հերոսական աշխատանքը»:
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Պուտինի որոշումն իսկական անակնկալ էր ամերիկյան իշխանությունների համար: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնում կանխատեսում էին Կրեմլի նման քայլը:
Politico վերլուծական պարբերականը հիշեցնում է The Atlantic-ին տված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարցազրույցը, որում նա հերթական անգամ հայտարարել է, որ «Ռուսաստանը Սիրիայում շատ հեռու է գնացել»:
The Guardian-ը թվարկում է Սիրիայում ռուսական քարոզարշավի արդյունքները. հինգ ու կես ամիս ռմբակոծություններ, 9 հազար ռազմական թռիչք, Բաշար Ասադի ռեժիմի հրաժարականի հետաձգում, Եգիպտոսում ահաբեկչության արդյունքում ռուսական ինքնաթիռի կործանում և ռուս-թուրքական եղբայրական հարաբերությունների խզում:
The Times-ը ռուսական զորքերի դուրսբերման մասին Պուտինի որոշումը «շոկային» է անվանում, որը Արևմուտքին թողնում է մտորումների մեջ:
Ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի վերլուծաբանները եզրահանգման են գալիս, որ Սիրիայում ռուսական գործողությունները կգնահատվեն միայն Ժնևում միջսիրիական կարգավորման հարցով բանակցությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական օպերացիա սկսեց 2015թ. սեպտեմբերի 30-ից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան