«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել` կապված Ընտրական օրենսգրքի քննարկման ձևաչափի հետ: Նորաստեղծ կուսակցությունն առաջարկությամբ է հանդես եկել:
«Գաղտնիք չէ, որ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի բարելավումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և´ քաղաքական-հասարակական, և´ մասնագիտական դաշտի ամբողջ սպեկտրի մասնակցությամբ:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մի շարք դեպքերում եղել է ընդդիմության և իշխանության բանավեճերի պայմաններում՝ տարբեր ձևաչափերով: Խիստ տարօրինակ է, որ Ընտրական օրենսգրքի ներկա փոփոխությունների նախագծին մեր հասարակությունը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում անգլերեն լեզվով հրապարակումից հետո, ինչը անընդունելի մոտեցում է:
Այս գործընթացում հասարակության բոլոր շահագրգիռ ուժերին ներգրավելու համար անհրաժեշտ է, որպեսզի և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը, և´ քաղաքացիական հասարակությունը, և´ ԶԼՄ-ները, և´ փորձագիտական հանրույթը կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Անհրաժեշտ է նաև, որպեսզի պարտադիր հաշվի առնվեն միջազգային կազմակերպությունների կարծիքները:
Ուստի «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկաման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»: