Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հունիսի 1-ին իր տան բակում տեղի ունեցած կրակոցներից հետո առաջին անգամ համաձայնեց պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցերին:
-Մարզպետի պաշտոնից հրաժարվելուց հետո ինչո՞վ եք զբաղված: Լուրեր կան, որ հնարավոր է՝ Վահե Հակոբյանի փոխարեն ԱԺ պատգամավորի թեկնածություն առաջադրեք:
-Հիմա ես հանգստանում եմ, որեւիցե բանի մասին չեմ մտածում, ես ընդամենն ուզում եմ, որ այս սարսափելի իրավիճակից դուրս գամ: Իմ խնդիրն այսօր միայն դա է:
-Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ձեր ազատազրկված որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:
-Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար: Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները:
-Ու ընդհանրապես, լուրեր կան, որ Ձեր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում:
-Նման տականքներից կարելի է սպասել. ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում:
-Երեկ պաշտոնապես հրապարակվեց Ձեր ունեցած զենքերի ցանկը: Ինչո՞ւ եք այդքան զենք «հավաքել», ինչի՞ համար:
-11 զենք է ընդամենը, ինչո՞ւ եք զարմացել: Խանութում ծախում են, որսորդական խանութում, ես էլ ձեռք եմ բերել, նաեւ նվերներ եմ ստացել: Նվեր եմ ստացել հանրապետության նախագահից, վարչապետից, ՀՀ պաշտպանության նախարարից, ներքին գործերի նախարարից:
-Բայց Ձեզ պատկանող զենքերի մեջ այնպիսի զենքեր կան, որոնք անգամ խանութներում չեն վաճառվում, Ձեզ ինչպե՞ս է հաջողվել ձեռք բերել այդ զենքերը:
-Չի կարող պատահել… եթե վաճառքում էլ չկան, ուրեմն ես նվեր եմ ստացել: Բոլոր փաստաթղթերը՝ որպես այդպիսին, կան եւ մանրամասն ուսումնասիրված են: Արդեն որերորդ տարին է՝ Գորիսի ներքին գործերի բաժանմունքից 3 ամիսը մեկ գալիս են, զենքերը հաշվառում, նայում ու գնում:
-Գորիսի նախկին քաղաքապետը վերջին ժամանակներս Ձեր մասին անընդմեջ սկանդալային բացահայտումներ է անում. ծեծ, բռնաբարություն, թալան…
-Շատ նախկին տականքի մեկն է, էլի՛, եթե իրենք երեք եղբայր են ու իրար հետ չեն խոսում, իրար թշնամի են, ապա ո՞նց կարող է իմ հետ բարեկամ լինել, իմ հետ էլ է թշնամի: Այսքան բան:
-Պարո՛ն Խաչատրյան, մամուլում հրապարակում եղավ, որ Դուք հայտարարել եք, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանին չեք ճանաչում, որը շուտով Սյունիքի մարզպետ կնշանակվի: Դուք իսկապե՞ս Վահե Հակոբյանին չեք ճանաչում:
-Ինձ հետ ոչ մեկ չի խոսել, ու ես նման բան չեմ ասել: Բա ես ո՞նց չեմ ճանաչում Վահե Հակոբյանին: Վահե Հակոբյանն ուղիղ 9 տարի առաջ մեր ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, մենք ջերմ հարաբերություններ ունենք իր, իր ընտանիքի, իր հայրիկի՝ Մաքսիմ Հակոբյանի, նրա գերդաստանի հետ: Վերջին 10 տարիների ընթացքում մենք համագործակցում ենք թե՛ անձնապես, թե՛ մարզի շահերից ելնելով: Այսօր էլ շատ ջերմ հարաբերություններ ունենք: Վահե Հակոբյանի նշանակման հետ կապված էլ նշեմ, որ ես ինքս էլ իմ դրական կարծիքն եմ ասել, ես շատ ուրախ եմ, որ ինքն է Սյունիքի մարզպետն ինձանից հետո:
-Արժանի՞ փոխարինող է:
-Դա աշխատանքը ցույց կտա, ես այժմ ի՞նչ կարող եմ ասել: Ես համոզված եմ, որ ինքն իր աշխատանքով ճիշտ փոխարինող կլինի, ե՛ւ մարդկային առումով, ե՛ւ աշխատանքով ինքը ճիշտ փոխարինող կլինի:
-Բայց մշտապես տեղեկություններ են շրջանառվել, որ Ձեր եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի միջեւ փոխհարաբերությունները լարված են: Այժմ ասում եք, թե ջերմ են: Ամեն ինչ հարթվե՞լ է:
-Այդպիսի բան ընդհանրապես չկա, դրանք անհեթեթ տեղեկություններ են, որոնք մշտապես շրջանառվել են, բայց իրականությանը չեն համապատասխանել: Ախր այս դեպքով էլ տեղեկություն տպագրեցին, թե ես ասել եմ, որ Վահե Հակոբյանին չեմ ճանաչում: Ախր հասկանում եք, մարդուն ես չեմ տեսել, չեմ խոսել, իրենք հորինում ու գրում են: Իմ հետ, այդ ամենի հետ կապված, ընդհանրապես չեն խոսել, եւ դա ընդհանրապես հնարավոր բան չէ, որ ես հայտարարեմ, թե ես չեմ ճանաչում Մաքսիմ կամ Վահե Հակոբյաններին: Դա ո՞նց կլինի:
Հ.Գ. Առաջիկա օրերին կներկայացնենք Սուրեն Խաչատրյանի կարծիքը Բուդաղյան եղբայրների եւ կոնկրետ միջադեպի մասին:
«ԵՍ ԴԱՏԻ ԵՄ ՏԱԼՈՒ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ