Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ԶԻՆԵՐ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինվորական դատախազությունը երեկ հրապարակել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանից առգրավված զենքերի ցանկը.
1. Որսորդական ողորկափող հրացան «Ալթայ», N Ա-84635, գրանցված է Ս. Խաչատրյանի անվամբ. թույլտվություն N Խ-11, տրվել է 29.05.2009թ.,
2. որսորդական ողորկափող հրացան «ԻԺ-27» N9072267՝ Ս. Խաչատրյանի անվամբ. թույլտվ. N Խ-6, տրվել է 01.03.2012թ.,
3. որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27ԵՄ N072735904՝ Ս. Խաչատրյանի անվամբ. թույլտվ. N 907, տրվել է 03.12.2008թ.,
4. որսորդական ողորկափող հրացան «Տոզ» 8706 մակնիշի, գրանցումը ճշտվում է,
5. ակոսափող հրացան «Բենելի Արգո» N ՎՎ 033586-ՍՎ 033586՝ Ս. Խաչատրյանի անվամբ. թույլտվ. N 1188, տրված է 11.05.2005թ.,
6. կարճ ակոսափող հրազեն «Սմիթ Վեսոն» NԿ-768645՝ Ս. Խաչատրյանի անվամբ. պարգեւատրվել է 28.02.2007թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 249 հրամանով` թույլտվ. N 1156/2, տրված 12.04.2007թ.,
7. կարճ ակոսափող հրազեն «Պիետրո Բերետտա» N 455565՝ Ս. Խաչատրյանի անվամբ. պարգեւատրվել է 22.06.2009թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 1662-Ա հրամանով. թույլտվ. N 1156/3, տրված 22.06.2009թ.,
8. գազային ատրճանակ «Վալտրո Կոմբատ» N Ա-37384՝ Ս. Խաչատրյանի անվամբ. լիցենզիա NԳ 1432, տրված 22.03.2007թ.,
9. ատրճանակ «Բրաունինգ» N 3996՝ գրանցված Ս. Խաչատրյանի անվամբ. պարգեւատրվել է 14.06.2006թ. ՀՀ վարչապետի N 424-Ա որոշմամբ՝ թույլտվ. N 1156, տրված 26.09.2006թ.:
Նկատեցի՞ք, թե քանի տեսակի զենք է հայտնաբերվել Ս. Խաչատրյանի տանից: Մի այդքան էլ հայտնաբերվել է նրա տան բակից՝ դեպքի վայրից: Եվ տարրական տրամաբանությունը հուշում է, որ այսքան զենք գտնելուց հետո, եթե նույնիսկ դրանց տերը «անմեղ հրեշտակ է», իրավապահները պետք է ձեռնամուխ լինեին պատժելու: Չէ՞ որ մի ողջ զորանոցի համար նախատեսված զենք ունի նախկին պաշտոնյան:
Իսկ ի՞նչ է մտադիր անել ՀՀ գլխավոր դատախազությունը, քրգործ կհարուցվի՞ նրա նկատմամբ. «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց. «Նախաքննական մարմինը նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա յուրաքանչյուրի գործողությանը կտա համարժեք իրավական գնահատական քրեորեն հետապնդելի արարքներ կամ խախտումներ որեւէ մեկի գործողություններում արձանագրելու դեպքում»:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո իբրեւ թե ապօրինի զենք ունենալու համար ձերբակալվեցին ԱԺ նախկին պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, ազատամարտիկներ Հուսիկ Բաղդասարյանն ու Սմբատ Այվազյանը: Ընդ որում, նրանցից որեւէ մեկի բնակարանում այսքան զենք չէր հայտնաբերվել (1-2 հատ, այն էլ՝ օրինական): Ավելին, Հուսիկ Բաղդասարյանը դատապարտվեց ընդամենը 2-3 փամփուշտ ունենալու համար, իսկ Ս. Միքայելյանը՝ նաեւ Սերժ Սարգսյանից նվեր ստացած զենքի համար:
Հ.Գ. Համեմատության համար նշենք, որ Խաչատրյանի տան վրա «հարձակված» Ավետիք Բուդաղյանի բնակարանից առգրավվել է ընդամենը մեկ ատրճանակ, իսկ եղբոր՝ Արա Բուդաղյանի տանից՝ մեկ «ՏՏ», որը նրան նվիրել է ԼՂՀ ՊՆ-ն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս