ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՈՐԱԿ ՋՈՒՐՆ ԷԼ ԿՏՐԵՑԻՆ
Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչները 2-3 օր ջուր չունեին: Ամառվա տապին մարդիկ լվացքի, բաղնիքի, հազար ու մի կարիք հոգալու համար ջրի խիստ պահանջ ունեն: Ուստի «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայջրմուղկոյուղու» «Նոյեմբերյան» ենթատեղամասի պետ Գառնիկ Մամյանին` պարզելու ջրազրկման պատճառը: Նա ասաց, որ Գիժսարից ձգվող, ավելի քան 58 կմ երկարություն ունեցող ջրագիծն այժմ չի գործում, քանի որ ամառվա տապի պատճառով ջրահավաք ավազաններում քիչ ջուր է հավաքվում: Բերդավան գյուղի խորքային հորերից ջուր մատակարարող պոմպերում էլ խափանում կար, որի պատճառով Նոյեմբերյան քաղաքի բնակելի շենքերի ջրամատակարարման հետ կապված խնդիրներ էին ծագել: Գառնիկ Մամյանից հետաքրքրվեցինք, թե բնակիչների հետ կնքված պայմանագրերով իրենք օրական քանի ժամ ջուր պետք է մատակարարեն: Նա ասաց, որ պայմանագրերում այդ մասին հստակ նշված չէ, բացի այդ, նոյեմբերյանցիների կեսը՝ սեփական տների բնակիչները, շուրջօրյա ջուր ունեն այլ ջրաղբյուրներից: Նշենք, որ Նոյեմբերյանում մատակարարվող ջուրը, կարելի է ասել, վտանգավոր է առողջության համար: Չնայած մի քանի տարի առաջ Նոյեմբերյանի «Լուսածիր» հասարակական կազմակերպությունը քաղաքում քլորակայան գործարկեց, սակայն մատակարարվող ջուրը չի քլորացվում: Բացի այդ, ամանների տակ մշտապես կրային նստվածք է մնում: Այդ պատճառով Նոյեմբերյանի խանութներում տարաներով ջուրը, նաեւ հանքային ջրերն ու այլ ըմպելիքներ լավ են իրացվում:

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղից, որն ունի գրանցումով 665, փաստացի՝ 558 բնակիչ, այս տարի Ռուսաստան աշխատելու է մեկնել մոտ 60 երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդ: Հայտնի չէ, թե նրանց որ մասը հետագայում հայրենի գյուղ կվերադառնա: Դովեղի գյուղապետարանից տեղեկացանք, որ 2 ընտանիք էլ գյուղից հիմնական բնակության է տեղափոխվել հարեւանությամբ գտնվող Նոյեմբերյան քաղաք: Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի բնակիչներն էլ հայտնեցին, որ շարունակվող արտագաղթի պատճառով գյուղում աշխատուժի պակաս կա, դաշտում հնձված-հավաքված խոտը Կոթի տեղափոխելու համար հաճախ համագյուղացի օգնականներ չեն կարողանում ճարել:

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Հուլիսի 16-ին Նոյեմբերյան քաղաքում հուղարկավորեցին 51-ամյա նոյեմբերյանցի Բարսեղ Մարտիրոսյանին: Նոյեմբերյանում հայտարարվել է, որ նա Ռուսաստանում, շինարարական աշխատանքների ժամանակ բարձր հարթակից ընկնելով, մահացել է: Թե դա որքանով է համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Նոյեմբերյանի տարածաշրջանում նման դեպքերում թերահավատությամբ ասում են՝ «հեռու տեղի խաբար ա»: Ինչեւէ, մի հայ մարդ էլ օտար հողում մահացավ, մի ընտանիք էլ դժբախտացավ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս