ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ:
ԿԻՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նունե Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։
ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ
Երեւանի զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Հովհաննիսյանը մեղադրվում է իշխանազանցության, պաշտոնական կեղծիք եւ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ: 39-ամյա Ա. Հովհաննիսյանը 2,5 տարվա ընթացքում մոտ 14 միլիոնի դիզվառելիք է յուրացրել` լինելով զորամասի նյութական պատասխանատու: Որպես տուժող` ներգրավված է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ԿԳՆԱ ՂԱՐԱԲԱՂ
Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով հուլիսի 18-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստեփանակերտ:
ՉԱՐԼԶԻՆ ԱՍԻՆ` «ՆԵՏ»
ՀՀ կառավարությունը երեկ փոփոխել է 2003թ. դեկտեմբերի 11-ին հաստատված Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքային նախագիծը, ինչի արդյունքում Ամուլսարի ոսկու հանքավայրը հայտնվում է Սեւանի ջրահավաք ավազանում եւ ենթակա դառնում առավել խիստ բնապահպանական պահանջների: Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի սեփականատերն է համարվում ՀՀ նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանը: Նրա հրավերով վերջերս Հայաստան այցելած արքայազն Չարլզի անունը եւս կապվում է այս հանքավայրի հետ:
ՀԱՍՏԱՏԵՑ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի քննարկմանն է ներկայացրել պետբյուջեից 3,1 միլիարդ դրամ պետական եւ ՏԻՄ մարմիններին հատկացնելու հարցը՝ գազի թանկացմամբ պայմանավորված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Վարչապետը հաստատել է առաջարկը:
ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացումների մասին: Երեկ Լեֆորին ընդունել է նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: