ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ստեղծված ճամբար-կայանատեղիները հյուրընկալում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կամավորների: Գործակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011թ. Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի (ծրագրի հայաստանյան համակարգող) եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջեւ։
Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի 11 եւ Հայաստանի 4 կամավորները հուլիսի 9-22-ն անցկացնում են ճամբար-կայանատեղիում: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ու տաճարի տարածքում երիտասարդներին ներկայացվել է հայկական դարավոր մշակույթի ամենավառ ժառանգության մի մասնիկը:
Կամավորներին մեր ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով հուլիսի 17-ին ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների եւ հավաքածուների կառավարման, զարգացման ու մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Խոսենք մեր ազգային խորհրդանշանների լեզվով» խորագիրը կրող միջոցառումը, որի ժամանակ թանգարանի մուտքի մոտ տեղադրվել էին 2 պաստառ: Դրանցից մեկի վրա գրված էր ողջույնի խոսք աշխարհի մի շարք լեզուներով, իսկ մյուսի վրա ներկայացված էր տեղեկույթ ՀՀ ազգային եւ պետական խորհրդանշաններից յուրաքանչյուրի մասին:
Թանգարանի նախասրահում տեղադրվել էին ծրագրի մասնակիցների երկրները ներկայացնող 3-ական ցուցավահանակներ, որոնց վրա պատկերված էին տվյալ երկրի զինանշանը, պետական դրոշը, տեղեկատվություն եղավ դրանց խորհրդանշական մեկնության ու հեղինակների, երկրի անվան ստուգաբանության մասին: Փակցված էին նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության գրանցամատյանում ընդգրկված, համապատասխան երկրի նշանավոր պատմամշակութային հուշարձանները ներկայացնող լուսանկարներ: Հայ-եվրոպական ճամբարի պետ Աննա Նավասարդյանը նշեց, որ առավոտյան վաղ արթնանում են, մասնակցում տարածքի բարեկարգման աշխատանքներին: Իսկ օրվա երկրորդ կեսին գնում են տարբեր տեսարժան վայրեր. եղել են Մատենադարանում, նախատեսում են տեսնել նաեւ Գառնին, Գեղարդը. «Ճամբարում ամեն օր ինչ-որ հետաքրքիր բան է տեղի ունենում: Այս խմբից շատերն առաջին անգամ են գալիս կամավորական ճամբար, բայց հինգ հոգու համար սա նույնիսկ 5-րդ անգամն է: Իսկ Հայաստան եկել են, ինչպես իրենք են ասում, էկզոտիկ վայր, ոչ ստանդարտ Եվրոպա, ոչ ստանդարտ երկիր տեսնելու համար»: Մեր զրուցակիցը՝ որպես կամավոր, եղել է եվրոպական երկրների ճամբարներում, որտեղ նույնպես աշխատանքը լավ է կազմակերպված, բայց Հայաստանում, ըստ նրա, կամավորներն ավելի շատ բան են տեսնում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս