ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին:
ՀԱՐՑ. Եթե երեխայի ծնողներից մեկը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է, ապա նման դեպքերում ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիության հարցը: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե երեխայի ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, արդյո՞ք երեխան համարվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձ, թե ոչ:
Սուսաննա Հարությունյան 59 (տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը: 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան օրենքի ուժով ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (եթե ծնողները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահին այլ պետության քաղաքացիություն չունեն):
ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվողների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ: ՀՀ ոստիկանության տվյալներով, եթե 2012 թվականին ՀՀ անձնագրից հրաժարվել էին մոտ 550 հոգի, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի: