ԱԻՆ եվ ոստիկանություն. շարունակական համագործակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական, ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Ա. Երիցյանը։
Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։ Ոստիկանության հետ համագործակցակցությամբ լույս է ընծայվել ԱԻՆ համակարգի աշխատակիցների համար նախատեսված հայերեն-անգլերեն զրուցարան, որտեղ ներառված են ոլորտի ամենակիրառական բառերն ու արտահայտությունները։ Զրուցարանը կոչված է օգնելու օտարերկրյա առաքելության մեկնող փրկարարներին և համակարգի մյուս մասնագետներին օգնել շփումներում և հավուր պատշաճի ներկայացնել մեր երկիրն ու նախարարությունը։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ոստիկանության իր գործընկերներին, ասաց.
– Ինքս բազմիցս հետաքրքրվել եմ ու պիտի ասեմ, որ ԱՊՀ ոչ մի երկրում չկա այսպիսի զրուցարան։ Սա մեր համար շատ մեծ նվեր է։ Նման վերաբերմունքը շատ բարձր է գնահատվում։ Զգացված եմ ու շնորհակալ, որ միշտ կանգնած եք մեր կողքին։
ՀՀոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, նշելով, որ միշտ հետևում է ԱԻՆ զարգացմանը, հավաստեց, որ առաջընթացն ակնհայտ է.
-Ժամանակները փոխվում են, նախարարությունը քայլում է առաջ, և օտար լեզուների իմացությունը դարձել է առաջնահերթ պահանջ։ Այս զրուցարանը մեր փոքրիկ օգնությունն էր նախարարությանը, և իմացեք, որ մեր ակադեմիայի օտար լեզուների ամբիոնը պատրաստ է աջակցել նաև լեզուների ուսուցման հարցում։ Իմանալով, որ Ա. Երիցյանը պետական մտածողություն ունեցող ղեկավար է՚ մենք էլ փորձում ենք մեր կողմից օգնել ինչով կարող ենք։
Ա. Երիցյանը հանձնարարեց խրախուսման ներկայացնել զրուցարանը մշակող մասնագետներին և ոստիկանության ակադեմիայի ղեկավարությանը։
Խորհրդակցության օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին աշնանը ԼՂՀ-ում անցկացվելիք համատեղ ուսումնավարժության և Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հանրային իրազեկման համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
ԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ ,Ռոստելեկոմիե օժանդակությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում տեղադրվում են բարձրորակ տեսախցիկներ, որոնց միջոցով տարածքային բոլոր ստորաբաժանումները կունենան հուսալի վիդեոկապ և կարող են մասնակցել խորհրդակցություններին։




Լրահոս