Մայիսի 19-ին տեղի են ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի, Իրավական հարցերի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական ՄԽՎ նիստերը, որոնց մասնակցել են ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահե էնֆիաջյանը:
ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Նա իր ելույթում անդրադարձել է ապրիլյան իրադարձությունների ժամանակ զինվորականների եւ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործություններին: Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգ ներառել Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործություններին իրավական գնահատական տալու հարցը:
Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հատուկ ուշադրության է արժանացել նացիզմի արդարացման եւ հակահիտլերյան կոալիցիայի զինվորների հիշատակի պղծման անթույլատրելիությանը վերաբերող հարցը:
Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տիգրան Ուրիխանյանը: Նիստում քննարկվել են մշակույթի, էլեկտրոնային կառավարման, մանկական եւ պատանեկան տուրիզմին վերաբերող մոդելային օրենքների նախագծեր: Այնուհետեւ քննարկվել է ԱՊՀ մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը:
ԱՊՀ Երիտասարդական ՄԽՎ նիստին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա կարեւորել է երիտասարդական պառլամենտարիզմի դերը եւ այդ ոլորտի հեռանկարները: Առաջարկվել է ԱՊՀ շրջանակում կազմակերպել մի շարք միջոցառումներ, որտեղ ներգրավված կլինեն ԱՊՀ երկրներից ակտիվ երիտասարդներ եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն օրը տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկար» IV-րդ միջազգային համաժողովը, որին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հանգամանալից ներկայացրել է Հայաստան-ԵԱՏՄ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հետազոտությունը:
Մայիսի 20-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 44-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամները: Լիագումար նիստի ընթացքում ելույթ են ունեցել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարները: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան իր ելույթում կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման, Մինսկի խմբի շրջանակներում լուծման հարցը:
Նիստին հաջորդել է մամուլի ասուլիսը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ասուլիսի ընթացքում Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները եւ աննախադեպ ավանտյուրան հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի՝ խախտելով միջազգային եւ հումանիտար իրավունքի նորմերը, ինչպես նաեւ 1994 թվականին Բիշկեկում կնքված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում? մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին: Դա հենց այն էր, ինչ երկար տարիներ հնչեցրել է հայկական կողմը, եւ ինչը ժխտվել եւ մերժվել է ադրբեջանցիների կողմից:
Այնուհետեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման համաձայնություն չի եղել, ինչը եւս վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը քայլեր է անում դեպի Վիեննայում կայացած պայմանավորվածությունների դեզավուացիա:
Այս պայմաններում կարեւոր է միջազգային հանրության հասցեական վերաբերմունքը նման երեւույթների վերաբերյալ: Կարելի է ասել, որ անհասցե հայտարարությունները հիմք են հանդիսանում, որ հակամարտության կարգավորումը 20 տարի դոփի տեղում, ինչը հարավոր դարձրեց այնպիսի երեւույթ, ինչպիսին էին ապրիլյան իրադարձությունները:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է. «Այդ հանդիպումից հետո հուսով ենք, որ պայմանավորվածությունները կպահպանվեն, եւ միջազգային հանրության կոչերը կյանքի կկոչվեն»:
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Իլկկա Կաներվայի ելույթը, Հերմինե Նաղդալյանը մեկ անգամ եւս կարեւորել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Նա կրկին նշել է, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ է կնքվել 1994 թվականի զինադադարի մասին Բիշկեկյան պայմանագիրը եւ նշել, որ ԱՊՀ ՄԽՎ-ն իր դերակատարությունը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը եւս համաձայնել է, որ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հավելել է, որ հակամարտությունների՝ պատերազմական միջոցներով լուծման ուղիները տանում են դեպի փակուղի: