Գազի գինն աշխարհում նվազում է. ՀՀ-ում բնակիչները վճարում են խոշորների փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնական գազի սակագնի հաշվարկներից տեղեկանում ենք, որ ջերմային էլեկտրական կայանների, գազալիցքավորման կայանների, արդյունաբերական ձեռնարկությունների գազի գնի մի մասը բնակչությունն է ֆինանսավորում: Առաջին հայացքից անհնար թվացող այս փաստն ի հայտ է գալիս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախօրեին հրապարակած տվյալներից:

Այսպես՝ ըստ ՀԾԿՀ-ի հրապարակած տվյալների՝ «Գազպրոմ-Արմենիան» գալիք մեկ տարում նախատեսում է Ռուսաստանից ներկրել 1 միլիարդ 856 միլիոն 414 հազար խորանարդ մետր բնական գազ: Նախատեսվում է, որ գազի դիմաց վճարվելու է հազար խորանարդ մետրը 150 դոլար սակագնով: Բնական գազի միջազգային շուկայում տիրող իրավիճակում նման պնդումը արդեն իսկ չհիմնավորված է: Սակայն մինչ գազի ներկրման խնդրին անդրադառնալը, նախ ներկայացնենք ներկրված գազի բաշխման եւ սակագնի հաշվարկման հետ կապված խնդիրները: Տեղեկացնենք, որ բերված թվերը վերաբերում են առաջիկա մեկ տարվան:
Այսպես՝ ներկրված գազից 124 մլն 110 հազար խորանարդը նախատեսվում է, որ ծախսվել է համակարգի կորուստների վրա: Բնական գազի օգտակար առաքումը կազմելու է 1 միլիարդ 721 մլն 873 հազար խորանարդ մետր:

Տեղեկացնենք, որ բնակչության ծախսը կազմելու է 527 մլն խորանարդ մետր: Մնացած գազից 78 մլն 670 հազար խորանարդ մետրը սպառելու են մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդները, կամ այլ կերպ ասած՝ փոքր ձեռնարկություններն ու գազալցակայանները: Սպառողին մատակարարվող գազի 65 տոկոսը` 1 միլիարդ 116 մլն 170 հազար խորանարդ մետրի չափով գազը, սպառելու են ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել գազ օգտագործող բաժանորդները, այս դեպքում խոսքը ՋԷԿ-երի, խոշոր գազալցակայանների, գազով գործող ձեռնարկությունների մասին է: Ինչպես նկատեցիք՝ բնակչությունը սպառում է Հայաստանում վաճառվող գազի ընդամենը 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը բաժին է հասնում ձեռնարկություններին, որոնցից 65 տոկոսը խոշորներն են, իսկ 5-ը` փոքրերը:

Եւ, ահա, ՀԾԿՀ-ի հրապարակած հաշվարկներում մի այսպիսի տող կա. «Բնական գազի վաճառքի միջին սակագին (ներառյալ ԱԱՀ), այդ թվում», որի դիմաց գրված է՝ 131 հազար 744, որը հազար խորանարդ մետր գազի հաշվարկով է: Թվում է, թե բնակչության պարագայում բնական գազի սակագինը այդ թվից ավել չի կարող լինել: Բայց, դե,ՀԾԿՀ-ն ու «Գազպրոմ-Արմենիան» հո այդքան միամիտ չե՞ն, որ թողնեն խոշոր ձեռնարկությունների գազի գնի համար նեղություն կրեն: Բնակչության սպառած գազի դեպքում առաջարկվում է հազար խորանարդ մետրի համար 146 հազար 700 դրամ: Իսկ խոշոր ձեռնարկությունների սպառած գազի համար նախատեսվում է հազար խորանարդ մետրի համար 257, 56 դոլար, որը երբ վերածում ենք դոլարի (այս փաստաթղթում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 480 դրամով), ապա ստացվում է 123 հազար 628 դրամ` հազար խորանարդ մետրը:
Այսպիսով՝ ստացվում է, որ բնակիչները վճարելու են, որպեսզի ՋԷԿ-երը, գազալցակայանները եւ մնացած ձեռնարկությունները էժան գազ ստանան: Իսկ ավելի կոնկրետ` թվերով եթե նշելու լինենք, ապա ՋԷԿ-երի, գազալցակայանների եւ մնացած ձեռնարկությունների սպառած գազի ամեն մի խորանարդի 23 դրամը վճարելու ենք մենք` սպառողներս:  Այս առնչությամբ ՀԾԿՀ-ին կարելի է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերով դիմել՝ սթափվե՛ք, գժուկներ…:

Իսկ ինչ վերաբերում է գազի գնման գնի խնդրին, ապա նշենք, որ ապրիլի սկզբին, երբ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի այցելության ժամանակ հայտարարվեց, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի հաշվարկով 165 դոլարից էժանացվում է 150-ի, այդ հանգամանքը ներկայացվեց իբրեւ ռուսական կողմի բարի կամքի դրսեւորում: Բայց փաստն այն է, որ Ռուսաստանն այս տարվա մարտին արդեն եվրոպական երկրներին գազը սկսել էր մատակարարել հազար խորանարդ մետրը 147 դոլարով: Ներկայումս այդ գինը նվազել եւ հասել է 140 դոլարի: Առաջիկայում ռուսական գազի գինը շարունակելու է էլ ավելի նվազել, քանի որ այս գործընթացը պայմանավորված է ԱՄՆ-ից դեպի եվրոպա սեղմված գազ արտահանելու հանգամանքով: ԱՄՆ-ից եվրոպա եկող գազի ծավալներն աստիճանաբար աճում են, ինչը ռուսական գազի գինը ավելի է գցում: Ուստի, մեկ տարվա գազի գնման գինը 150 դոլարով հաշվարկելը, մեղմ ասած, թալան է, որից հիմնական տուժողը Հայաստանի բնակչությունն է:

Հուսանք՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կվերանայի թվերը եւ կհամարձակվի չընդունել առաջարկվող գազի սակագինը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս