ՔԴԵԴ-Ը ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր՝ 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար:

Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների) եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն եւ որակով մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մակագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք: Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:
Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:
Հայտատուն պետք է՝
1. լինի 23-ից մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար,
2. ունենա 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ (ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ) եւ աշխատելիս լինի,
3. լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի, ֆրանսերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ),
2. 2 լուսանկար (մեկը փակցնել դիմում-հարցաթերթիկին),
3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի դեպքում նաեւ տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),
4. շարադրանք «Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել ՔԴԵԴ-ում» թեմայով (մեկ տպագիր էջի սահմաններում),
5. ինքնակենսագրություն (CV),
6. երաշխավորագիր` պարտադիր կնքված, հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
7. հավաստագիր` պարտադիր կնքված (հատուկ ձեւ),
8. աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ դրա պատճենը՝ վերջին 3 տարվա (2013-2016) աշխատանքային ստաժի նշումով: Անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր իրավասու պետական մարմիններից:
Ֆաքսով կամ էլ.փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:
Ըստ անհատական դեպքի՝ կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ եւ հրապարակումներ:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ, Ստրասբուրգ եւ այլն): ՔԴԵԴ-ում սահմանված չէ ուսման վարձ, եւ ուսուցումն իրականացվում է անվճար: Բացի այդ, հայաստանյան եւ արտերկրում կազմակերպվող սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերի մեծ մասը (ճանապարհածախս, հյուրանոց, սնունդ եւ այլն) հոգում է ՔԴԵԴ-ը: ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակով ստրասբուրգյան սեմինարին հրավիրվողները մասնակիորեն՝ 410 եվրոյի չափով, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրերի իրականացմանը:
Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել սեմինարների ու միջոցառումների քանակը:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ, անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են հունիսի 7-ին եւ 8-ին, ժամը 13:00-ից 15:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս՝ 010 51 11 39
Կայք՝ www.ysps.am




Լրահոս