Լուրջ գործարարը. Արտակ Դավթյանի կինն ավելի հարուստ է, քան ամուսինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը վերջին շրջանում տարօրինակ հայտարարություններով է հանդես գալիս: Դեռեւս մայիսի 4-ին «ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված փակ քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Արտակ Դավթյանը առաջարկել է սպարապետ կոչել, իսկ օրեր առաջ խոսելով ԼՂՀ հակամարտության եւ բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության մասին՝ նշել է, որ «Արցախը երկու օր առաջ Վիեննայում կայացած հանդիպմանը չէր մասնակցում, քանի որ Ադրբեջանը չէր ուզում»:

Ստացվում է, որ գերտերությունների հանդիպման օրակարգը Ադրբեջանն է թելադրում: Եւ հայկական կողմին անընդմեջ իրենց ուշադրության կենտրոնում պահող ադրբեջանական լրատվամիջոցներն առիթից օգտվելով՝ Դավթյանի հայտարարությունը սկսեցին արագորեն տարածել՝ հպարտանալով, թե ինչ ազդեցություն ունի Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մետ:
Իսկ ով է Արտակ Դավթյանը: Նախ տեղեկացնենք, որ նրան ԱԺ պատգամավոր է դարձրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը: Պարզվում է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նաեւ լուրջ գործարար է:

Վերջինս «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ-ի տնօրենն է եղել մինչ պատգամավոր դառնալը: Իսկ իրականում լուրեր կան, որ ընկերությունը հենց իրենն է: «Էյսի-ֆին Ռոյալ» շինարարական ընկերությունը զբաղվել է Հյուսիսային պողոտայում կատարվող մի շարք շինարարական աշխատանքներով, որի պատվիրատուն, ի դեպ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Ու որքան էլ նա փորձի Կարապետյանների անվան տակ գեղեցիկ իմիջ ձեւավորել, երբեմն այն չի ստացվում, քանի որ անգամ 2014 թվականին հարկային ստուգումներով պարզվեց, որ պատգամավոր Դավթյանի ընկերությունը մոտ 150 մլն դրամ թաքցրել էր հարկային ծառայությունից:

Ու այսքանից հետո, թերեւս, պատահական չէ, որ ինչպես մյուս պաշտոնյաների, այդպես էլ Արտակ Դավթյանի կինը` Անահիտ Գաբրիելյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Տեղեկացնենք, որ պատգամավորը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 4 մլն դրամ: Նա տարեկան ստանում է ընդհանուր թվով մոտ 9 մլն դրամի (8,719,917.00) եկամուտ:

Իսկ նրա տիկնոջ՝ Անահիտ Գաբրիելյանի փոխառությունները անցած տարեսկզբին կազմել են 270.4 մլն դրամ եւ 373 հազար 537 դոլար: Իսկ, ահա, անցած տարեվերջին փոխառության գումարը կազմել է 340.4 մլն դրամ եւ 365 հազար 310 դոլար:

Նկատենք, որ պատգամավորի տիկնոջ դրամական պատկառելի միջոցները ավելացել են. 2015 թվականին դրանք կազմել են 20 մլն դրամ եւ 250 հազար դոլար: Ի դեպ, Անահիտ Գաբրիելյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ընդամենը 245 հազար դրամ, վարձակալության դիմաց նա ստացել է 16 մլն 320 հազար դրամ: Բացի այս՝ այս տիկինը տրված փոխառությունների դիմաց ստացել է նաեւ 70 մլն 387 հազար 121 դրամի չափով տոկոս: Նաեւ մեկ ընկերությունից ստացել է մոտ 69 մլն 950 հազար դրամի չափով շահաբաժին:

Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է կոռուպցիայի փնտրտուքը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս