ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ՞
Հոկտեմբերի 13-ին Գյումրիում քաղաքի օրվա տոնակատարություններին մասնակցող Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե այս տարվա մեջ կան հստակ ծրագրեր ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար: Գյումրու Օղակաձեւ այգում քանդակագործության սիմպոզիումին ծանոթանալուց հետո վարչապետը հերթական անգամ կիթառ է նվագել՝ սուլելով House of the Rising Sun երգը:

ՊԱՈ՞ՒԼՍ, ԹԵ՞ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ մեր բազմահազար հայրենակիցներ, որոնք մեծ տպավորություն են ստացել նրա երեւանյան համերգից: Ս. Սարգսյանը Ռ. Պաուլսին պարգեւատրել է Պատվո շքանշանով հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Ի դեպ, նշենք, որ ամիսներ առաջ էլ Ռ. Պաուլսին ՀՀ ԱԺ մեդալով պարգեւատրել էր Հովիկ Աբրահամյանը:

ԷԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԿԱ՞
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ արձակելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է. «Այս պահին այլեւս Հայաստանում չկա քաղբանտարկյալ»: «Առավոտ»-ն արձանագրել է, որ Զուրաբյանի այդ արտահայտությունը վրդովեցրել է Վոլոդյա Ավետիսյանի ընկերներին, ովքեր համարում են, որ Վ. Ավետիսյանն այսօր անազատության մեջ է իր հայացքների եւ պայքարի համար: Լ. Զուրաբյանը շարունակելով ասել է. «Այս վճռից մենք ուրախանալու բան չունենք: Այսօրվա վճիռն էլ անարդար վճիռ էր: Դատավորը, ոտնահարելով արդարադատության բոլոր նորմերը, նորից կայացրեց որոշում, որով մեր տղաներին ճանաչեց մեղավոր: Մեզ այդպիսի արդարադատություն պետք չի»:

ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ
Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նախագծի հետ խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ներդրվում է  պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ:  «Պանորամա»-ի ներկայացմամբ` դրա ընդունման դեպքում ՀՀ նախագահի աշխատավարձը, որն այժմ 400 հազար դրամ է, կդառնա 800 հազար, ԱԺ նախագահինն ու  վարչապետինը  (նրանց աշխատավարձերը հիմա կազմում են 340 հազար դրամ)՝ 720 հազար, իսկ ահա, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը, ով այժմ ստանում է 145 հազար դրամ աշխատավարձ, նոր սանդղակով կստանա մոտ 160 հազար դրամ:

ԳԵՏԻՆԸ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, «Առավոտ»-ին ասել է. «Ունենք Սաքունցներ եւ Բալայաններ: Այդ մարդիկ անում են իրենց կարծիքով բարի գործ: Բայց երկուսն էլ մեր ազգային արժանապատվությանը դեմ են: Սաքունցները, դրամաշնորհ ստանալով, ասում են` ոչինչ, թող մեկն էլ այլասերված լինի, գնա պսակվի: Բալայանն էլ ասում է` ցավդ տանեմ, եթիմ ենք, մեզ տե՛ր դարձեք: Դե թող էդ դեպքում բոլոր էդպես մտածողներն իրենց կանանց համար առողջ տղամարդ բերեն դրսից, գետինը չե՞ն մտնում: Էդքան տղերքը գնացին Եռաբլուրվեցին»:




Լրահոս