«ՁՎԵՐԻ ԽԱՉԻԿԻՆ» ԹԱԼԱՆԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2013թ. հունիսի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի աշխատակիցները 890 արկղ հավկիթ էին գողացել, որի վնասը կազմում էր 18 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան, վիրավորել էր՝ ասելով «պրաստիտուտկա», եւ մի բան էլ վազել էր դատարան՝ օրաթերթից պահանջելու 6 մլն 200 հազար դրամ:
Տպավորությունն այնպիսին է, որ գործարարը ժամանակ չի կորցնում ուրիշի հաշվին հարստանալու համար եւ ոչ միայն օրաթերթից է ցանկանում ստանալ իր արժանապատվության գինը՝ 6.2 մլն դրամը, այլեւ «դատարանների դռներն» է հասցրել քաղաքացիներին՝ գողության համար պահանջելով ո՛չ ավել, ո՛չ պակաս 18 միլիոն ՀՀ դրամ:

Եվ այսպես՝ ինչպե՞ս որոշեցին «թալանել» գործարարին

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013թ. հունվարի 8-ից Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գործող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում ձվի տեսակավորման արտադրամասի բանվոր աշխատող Գեւորգ Մկրտչյանը որոշել է հափշտակել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի ձվերը: Այն իրականացնելու համար Գեւորգը համաձայնության է եկել իր հարազատ եղբոր՝ Վարդան Մկրտչյանի, համագյուղացիներ Հովհաննես Մկրոյանի եւ Արսեն Ավետիսյանի հետ:
Փաստաթղթի համաձայն՝ գյուղացիներին օգնել են «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի անվտանգության աշխատակիցներ Դավիթ Հաբեթյանը եւ Սմբատ Սիմոնյանը, որոնք էլ իրենց հերթին նախապես խոստացել են տեղեկություն տրամադրել, թե ինչ է կատարվում ներսում՝ միաժամանակ վերացնելով գողության հնարավոր խոչընդոտները, պարտակելով հանցագործությունը:
Իսկ ինչպե՞ս պետք է տղաները իրացնեին գողացված 890 արկղ ձուն: Պարզվում է, որ այս հարցում նրանց «դաբրո» է տվել Ջրարբի գյուղի բնակիչ Սարիբեկ Մկրտչյանը՝ խոստանալով իրացնել գողոնը:

Գործը գլուխ բերելու ընթացքը

2013թ. փետրվարի կեսերից մինչեւ 2013թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Գեւորգը տարբեր օրերի իրեն պատկանող «ՎԱԶ 2109» 35 LT 829 պ/հ ավտոմեքենայով, Վ. Մկրտչյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 84 MV 084 պ/հ ավտոմեքենայով Հ. Մկրոյանի եւ Ա. Ավետիսյանի հետ Դ. Հաբեթյանի եւ Ս. Սիմոնյանի հերթապահության օրերին մեկնել է «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ եւ պարսպի վրայից անցնելով՝ ապօրինի մուտք գործել ընկերության տարածք, այնուհետեւ ձվի տեսակավորման արտադրամասի խոհանոցի պատուհանի ճաղավանդակը հանել, մտել են արտադրամաս եւ պահեստից հափշտակել 18 մլն ՀՀ դրամ արժողության 890 արկղ հավկիթ, տարել, տեղավորել Ս. Մկրտչյանի տան բակում: Իսկ երբ Մկրտչյանը իրացրել է հավկիթները, «գողերն» իրենց հասանելիք գումարը ծախսել են իրենց անձնական կարիքների համար:
Արդյունքում՝ եղբայրներ Գեւորգ եւ Վարդան Մկրտչյաններին, Հովհաննես Մկրոյանին, Սարիբեկ Մկրտչյանին, Դավիթ Հաբեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով):
Բայց, չնայած այս պաշտոնական նկարագրությանը, Գեւորգ եւ Վարդան Մկրտչյանների հարազատ հորեղբոր կինը` Սուսաննա Մկրտչյանը, որը նաեւ նրանց համար մայր է, քանի որ տղաները վաղ հասակում կորցրել են իրենց հարազատ մորը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տղաներին այսօրինակ թալանի մեջ մեղադրելու հանգամանքն աբսուրդ համարեց: «Նրանք իմ մեծացրած տղաներն են, նրանք նման քայլի ընդունակ չեն: Գիտե՞ք, եթե խոսքը մեկ-երկու արկղ ձվի մասին լիներ, կասեի հա՛, դե հիմա բոլորն անում են, իրենք էլ են արել, բայց 890 արկղ կամ, ասենք, 18 միլիոն դրամ, նման բան անհնար է»,-վստահեցրեց տիկին Սուսաննան՝ հավելելով, թե ոնց կարող է մարդ իր հացի աղբյուրը կտրել՝ նման քայլի գնալով:
Տիկինը դժվարացավ ասել՝ արդյոք այս ամենը սարքած գործ է. «Դուք կարող եք ինքներդ գնալ ֆաբրիկա ու հարցնել աշխատողներից, թե ինչ դաստիարակված ու խելոք տղաներ են Գեւորգը եւ Վարդանը, բայց ճի՛շտ հասկացեք, խոսքը 18 միլիոն դրամի մասին է, ու դա թալանելն անհնարին բան է, այն էլ մի հինգ հոգով»:
Ինչպես նկարագրեց մեր զրուցակիցը, այս դեպքից հետո Գեւորգին ազատել են աշխատանքից, ինչն արդեն դժվարություններ է առաջացրել նրա կյանքում. «Տարբեր տեղեր է գնացել աշխատանքի համար, նրան ընդունել են, սակայն այս դատարանի գործերի հետ կապված՝ ստիպված է եղել լքել աշխատանքը: Հիմա սպասում ենք, տեսնենք, թե ինչ կլինի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս