ՕԴԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձի ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում առկա ծայրահեղ սոցիալական խնդիրներից` դրա համար կիրառելով ամենատարբեր գործիքներ` սկսած ակտիվիստների «շոուներից», ավարտած անհեթեթ բաց նամակներով, միեւնույն է` դա երկար էֆեկտ չի ունենալու, որովհետեւ սոված մարդը չի կարող երկար ժամանակով մոռանալ այն մասին, որ ինքը սոված է: Ուստի ժողովուրդը չի կարող մոռանալ երկրի ղեկավարի` հրապարակավ հնչեցված խոստումները արձանագրվելիք տնտեսական 7 տոկոսանոց աճի, բարձրացվելիք աշխատավարձերի եւ այլնի մասին: Եվ երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված է լինում ամեն անգամ հանդես գալ տարբեր արդարացումներով, թե ինչու չի կարողացել ապահովել այդ աճը, կամ ինչու աշխատավարձերը այդպես էլ չեն բարձրանում, ժողովուրդը ակամայից հիշում է պետական միջոցները թալանելու անթույլատրելիության մասին անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանի` կառավարությունում ունեցած հայտնի ելույթը` «ատկատների» եւ «մեծ ձկներին գլխից բռնելու» մասին: Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթը, փաստորեն, նրա ենթակաների շրջանում բանի տեղ դնող չեղավ, քանի որ գոնե օրինակի համար գեթ մեկ «մեծ ձկան» գլխից չբռնեցին: Իսկ որ այդ «ձկները», ավելի ճիշտ` «շնաձկները» նույն Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատում են, բոլորից լավ գիտի հենց ինքը` «ձկնաբույծը»: Ամեն դեպքում, անցած ամիսներին լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ աղաղակող փաստեր, որոնցից ամենաթարմը` երեկ «Գալա»-ի ներկայացրած խայտառակ դեպքն է` կապված ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Լրատվամիջոցը ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է, թե ինչպես է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ընդամենը ութ ամսում հաջողացրել պետության հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ դիզել` բնականաբար, բացառապես «օրինական» եղանակով: Նա  նախ ձեւական աճուրդով 11 միլիոն դրամով գնել է իր աչքադրած շենքը, ապա ընդամենը ութ ամիս անց` այն վաճառել նույն պետությանը,  սակայն արդեն 74 միլիոն դրամով: Հիմա սա ինչպես կարելի է կոչել, եւ արդյոք սա հենց այն դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանն ուղղակի պարտավոր է ժողովրդին ապացուցել, որ իր խոսքերը փոքր-ինչ ավելին արժեն, քան քամու սովորական տատանումները: Ընդ որում, այստեղ, ի տարբերություն վարչապետ Տիգրան Սարգսյանի «օֆշորային» պատմության, ամեն ինչ առավել քան  հստակ է ու բաց, եւ ցանկության դեպքում ընդամենը րոպեների հարց է պարզել իրականությունը: Սակայն, ցավոք սրտի, առավել քան վստահ ենք, որ նման բան տեղի չի ունենա: Համենայնդեպս` հակառակն ակնկալելու ամենափոքր հիմքերն անգամ բացակայում են:




Լրահոս