ՀՀ պետական բյուջեի 2014թ. նախագծում կառավարությունը 2013թ. ՀՆԱ աճի կանխատեսումն իջեցրել է մինչեւ 4,1%: Չնայած այն բանին, որ դեռեւս 2013թ. սկզբին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության առջեւ հստակ առաջադրանք էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, իսկ 2013թ. պետական բյուջեի հիմքում դրվել էր 6,2% կանխատեսումը: ՀՀ կառավարությունը տնտեսական աճի տեմպի նվազումը բացատրել է ինչպես ներքին զարգացումներով, այնպես էլ համաշխարհային տնտեսության աճի դանդաղմամբ: Պարզվում է՝ 2014թ. պետական բյուջեի հիմքում ՀՀ կառավարությունը դրել է 5.2% տնտեսական աճի կանխատեսում: Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ կառավարությունը տարեսկզբին խոստացել էր 7% տնտեսական աճ, բայց ընդամենը 4,1% տնտեսական աճ է գրանցել: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի կարողացել իր խոստումը կատարել: Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի Սերժ Սարգսյանի հաջորդ քայլն այս դեպքում:
-Գիտե՞ք, Դուք այժմ այն խոստումների հետ գործ ունեք, որոնք ամենադժվարն է քննադատելը, որովհետեւ եթե ուշադի՛ր նայեք, կտեսնեք, թե աշխարհում ինչ է կատարվում: Նույնը կատարվում է Անգլիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում կամ Ճապոնիայում, կառավարությունը ոչ թե խոստանում է, այլ կառավարությունը կանխագուշակում է ինչ-որ մի հատ աճ: Եվ անցնում է մի քանի ամիս, ու այդ աճի թվերը սկսում են փոխվել: Հիմա ինչքանով առաջին ասված թիվը, կանխագուշակումը ապացուցային է, դա արդեն ուրիշ բան է:
-Բայց կանխագուշակումը կարող է այլ…
-Ես Ձեզ ասեմ, որ մի դժվար բանի եք կպել, որը դժվար ապացուցելի է:
-Պարո՛ն Մանուկյան, բայց չէ՞ որ մինչ կոնկրետ թվեր ներկայացնելը կառավարությունը պարտավոր է մանրակրկիտ քննարկել եւ հաշվարկել բոլոր ռիսկերը, որպեսզի կառավարության ներկայացրած ծրագիրը, ի վերջո, տարբերվի սովորական սուրճի բաժակով գուշակությունից: Հնարավո՞ր չէ մինչեւ թիվ հրապարակելը հասկանալ, թե արդյոք իրենք ունակ են իրականում նման տնտեսական աճ ապահովել:
-Չէ՛, չէ՛, կներեք, բայց տնտեսությունը նամանավանդ ազատ շուկայի հետ կապ ունեցող պետության մեջ միայն աշխատանքի հետ չէ կապված: Տարբեր տեսակի պարամետրերից է կախված, հիմա ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խոստացել էր, ասենք, 2-4 տոկոս տնտեսական աճ եւ, ասենք, 2-ի վրա է կանգնած, ու կանխագուշակում են, որ դա կարող է ավելի իջնել: Այսինքն՝ դա այն թվերն են, որոնք կարող ես կանխագուշակել: Բայց սա այն խոստումը չէ, որ պետք է ասես, որ խոստացավ, պետք է անպայման անի: Տարբեր երկրների համեմատությամբ խոստացած-չկատարածների մեջ ամենաքիչը սա եմ համարում, որ խաբեցին:
-Բայց Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ եթե կառավարությունը չկարողանա ապահովել խոստացված տնտեսական աճը, դա կնշանակի, որ կառավարության անդամները լավ չեն աշխատել եւ պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն…
-Կարծում եմ՝ այժմ այդ հարցով պետք է դիմեք Սերժ Սարգսյանին, ինձ ինչո՞ւ եք դիմում: Ես չեմ իմանում, դիմե՛ք Սերժ Սարգսյանին, տեսե՛ք՝ ինքն ինչ է ասում: Ես իր փոխարեն ո՞նց պատասխանեմ:
-Ժամանակին Դուք հայտարարել էիք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են: Խնդրում եմ նշել, թե ինչը կամ ով է խոչընդոտում, որ Տ. Սարգսյանը կարողանա լավ աշխատել:
-Ես դրա մասին արդեն խոսել եմ: Իհարկե, վարչապետին խանգարող հանգամանքներ կան, վարչապետը լրիվ ազատ չէ, պետք է մշտապես հաշվի նստի նախագահի հետ, կուսակցության հետ: Հիմա չեմ ցանկանում խորանալ այդ ամենի մեջ: Ես ասել եմ, որ ինչպես եւ ցանկացած վարչապետ, ինքը եւս իր սահմանափակումներն ունի: Բայց դա անցած-վերջացած խոսք է, ժամանակ առաջ ասած խոսք է, հիմա այդ խոսքերի վրա պետք չէ ինչ-որ բաներ կառուցել:
-Համենայնդեպս, Դուք այն կարծիքին եք, որ Տ. Սարգսյանը չի ստել, նա ընդամենը չի կարողացել իրականացնել տված խոստումները: Սակայն թո՛ւյլ տվեք նկատել, որ նորմալ երկրներում նման դեպքերում կառավարությունները պարզապես հրաժարական են տալիս:
-Չէ՛, ես չեմ տեսնում, որ իր հրաժարականը… ես իմ ասածի մեջ շատ պարզ բան եմ ասում. այն երկրներում, որտեղ ազատ տնտեսական համակարգ է, տնտեսական աճը հիմնականում կանխագուշակում են: Այսինքն՝ դա պրագնոզներ են, եւ այդ պրագնոզները մեկ տարվա ընթացքում ամսեամիս փոխվում են: Հիմա Չինաստանում պրագնոզը մեծ էր, բայց պարզվում է, որ դրան չի հասնում կամ, օրինակ, Միացյալ Նահանգներին: Այսինքն՝ դա այն խոստումը չէ, որ ասես՝ կառավարությունը խոստացել է ու անպայման պետք է կատարի:
-Բայց, ի վերջո, դա նշանակում է, որ կառավարությունը լավ չի աշխատել:
-Կառավարությունը կարող է՝ լավ է աշխատել, կարող է՝ վատ է աշխատել, ես բան չունեմ ասելու, բայց ես ուզում եմ ասել, որ եթե, այդ թվից ելնելով, ուզում եք ասել՝ խոստացել են եւ չեն կատարել, ապա ճիշտ տեղից չեք բռնել:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ