Հաշվի առնելով Հայաստանում առկա դատական համակարգի նկատմամբ անվստահության հիմքերը՝ հաճախ գրեթե անհնարին է լինում դատարաններից արդարադատություն ակնկալել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի դեպքում եղավ օրինակելի բացառություն: 2013թ. հոկտեմբերի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովուրդ»-ը հաղթեց «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. հունվարի 10-ին գործարար Խաչիկ Խաչատրյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Ժողովուրդ» օրաթերթից եւ լրագրող Սոնա Գրիգորյանից պահանջելով հերքել հրապարակված տեղեկությունը, որով իբր թե արատավորել ենք իր արժանապատվությունն ու գործարար համբավը: Ավելին, Խաչատրյանը, որպես վնասի փոխհատուցում, «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից պահանջել էր վճարել 3 միլիոն ՀՀ դրամ:
ԽԱՉԻԿԻ ՀՈԳԻՆ
2012թ. դեկտեմբերի 11-ին գրել էինք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում էին բաժանվել: Ավելին, ձու առաքող վարորդներին էլ հրահանգվել էր, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Ու չնայած Խ. Խաչատրյանը նույն հրապարակման մեջ հերքել էր տեղեկությունը, սակայն գործարարը, այնուամենայնիվ, որոշեց վիրավորվել եւ գնալ դատարան:
Բոլորի համար էլ դեռեւս հրապարակման օրվանից էր պարզ էր, որ այդ լուրի մեջ չկար ո՛չ վիրավորանքի որեւէ միտում, ո՛չ զրպարտանք, եւ, առհասարակ, լրագրողական էթիկայի խախտման տարր անգամ չկար: Սակայն օլիգարխ Խաչիկը, չցանկանալով տեսնել այդ ամենը, վճռեց հաշվեհարդար տեսնել օրաթերթի հետ:
Լավ է, որ այս անգամ ժամկետանց ձվերի գործը քննող դատավոր Ռուբեն Ափինյանը 9 ամիս ուսումնասիրելուց հետո հասկացավ, որ «Ժողովուրդ» օրաթերթը գործել է լրագրողական բարեխղճության սահմաններում եւ իրականությունն է արտացոլել, ու հայցին տվեց արդարացի լուծում: Եվ գործարարի հույսերը չարդարացան:
Ըստ վճռի` ««Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի եւ Խաչիկ Խաչատրյանի ընդդեմ Սոնա Գրիգորյանի եւ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության` Սոնա Գրիգորյանին եւ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն ՍՊ ընկերությանը «Ժողովուրդ» օրաթերթի 2012թ. դեկտեմբերի 12-ին «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» խորագրով հրապարակված հոդվածում» նշված հայցվորների գործարար համբավը արատավորող (զրպարտող) տեղեկությունները հերքելուն եւ հերքումը «Ժողովուրդ» օրաթերթի եւ www.zhoghovսrd.am (www.armlսr.am) վեբ կայքի նույն մասում` «Հերքում» խորագրի ներքո տպագրելուն պարտավորեցնելու, որպես Խաչիկ Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի գործարար համբավը արատավորող զրպարտող տեղեկություններ տարածելու համար վնասի հատուցում «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու, որպես Խաչիկ Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող վիրավորանք պարունակող տեղեկություններ տարածելու համար վնասի հատուցում «Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու, սույն վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից 10 օրվա ընթացքում պատասխանողներին հերքումը տպագրելուն պարտավորեցնելու պահանջների եւ 200.000 ՀՀ դրամի չափով փաստաբանական ծախսերի հարցը լուծելու մասին հայցն ամբողջությամբ մերժել»:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «Ժողովուրդ» օրաթերթը ճշմարտություն էր հրապարակել՝ գրելով, որ Խաչիկ Խաչատրյանը վաճառել էր ժամկետանց ձու: Այս իրողությունն ապացուցվեց նաեւ դատարանի վճռով, ինչը նշանակում է, որ դրանից բխող մյուս բոլոր դատական հայցերը, որոնք նույն Խաչիկ Խաչատրյանը ներկայացրել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, պետք է մերժվեն, քանի որ սա համարվում է «Ժողովուրդ» օրաթերթի եւ Ձվերի Խաչիկի միջեւ առկա վեճի առարկան:
Հուսանք, որ այս դատավճիռն օրինակելի կդառնա մյուս բոլոր գործերի դեպքում, եւ լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերը կուսումնասիրվեն այս սկզբունքներով, որպեսզի ի վերջո հաղթի ազնիվ լրագրությունը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ նույն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նույն Խաչիկ Խաչատրյանը մի հայց էլ է ներկայացրել՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Այդ հայցի պատճառն էլ «Ժողովուրդ»-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ գործարարի ցինիկ պահվածքին տրված համարժեք պատասխանն է: Երբ լրագրողը Խաչիկ Խաչատրյանին հարցրել էր, թե ճիշտ է, որ ինքը հարկային մարմինների հետ խնդիրներ ունի, գործարարը ի պատասխան վիրավորել էր լրագրողին «պրաստիտուտկա» բառով: Եվ երբ վիրավորանքի հակազդեցությունը նա կարդացել էր թերթում, կրկին վազել էր դատարան՝ պաշտպանելու իր կասկածելի արժանապատվությունը՝ պահանջելով այս անգամ 3.2 մլն դրամ: Այս գործն էլ գտնվում է դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում: Նիստը կկայանա նոյեմբերի 28-ին: