ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՈՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կոմպոզիտորների միության` hոկտեմբերի 26-ին կայանալիք համագումարից առաջ մթնոլորտն օրեցօր ավելի ու ավելի է լարվում։
Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում սենսացիոն բացահայտում արեց՝ հայտարարելով, թե միության նախագահի ընտրություններում առաջարկում են 10 հազար դրամ ընտրակաշառք (փաստորեն, Հայաստանում ոչ մի ընտրություն, սկսած նախագահականից, առանց ընտրակաշառքի չի անցնում-Ռ. Թ.)։ Վ. Բաբայանը հավելեց, որ համարյա 22 տարի սպասում են նախագահի փոփոխությանը. «Ինչ Ռոբերտ Ամիրխանյանը դարձավ նախագահ, բազմաթիվ խոստումներից չնչին մասն իրագործեց, այն էլ աղավաղված, արվեստին չծառայող բաներ։ Դրանից էլ առաջացել է պառակտումը, եւ ես կասեի՝ ոչ թե երկու խմբի են բաժանվել կոմպոզիտորները, այլ երեք խմբի։ Երրորդ խումբն անհասկանալի մարդիկ են, դրանք «Քաջ Նազար» գրքում նշված գյադեքն են, որոնց ասում են՝ «գյադե՛ք, է՛ս կողմը կանգնեք, է՛ն կողմը կանգնեք»։ Չկողմնորոշվող, կաշառված, ինչու չէ, նաեւ այդպես։ Հավատացնում եւ երդվում եմ՝ եղել են այդպիսի խոսակցություններ։ Գումար են առաջարկում, 10.000 դրամ են առաջարկում ձայն տալու համար»։ Կոմպոզիտորի կարծիքով՝ վաղուց արդեն չկա ստեղծագործական միություն, եւ նախագահն ինչպես ուզում, այնպես էլ վարվում է՝ շրջանցելով օրենքը։
Վ. Բաբայանը նաեւ նշեց կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուների անունները՝ Արամ Սաթյան, Լեւոն Չաուշյան, Վարդան Աճեմյան։ Միության անդամների թիվը 120 է, եւ նախագահ է ընտրվելու հիսունից ավելի ձայն ստացողը։
Նշենք, որ միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում, բայց արդեն ոչ թե որպես միության նախագահի, այլ որպես կոմպոզիտորի։ Հիշեցնենք, որ Աղասի Այվազյանի այրին նրան մեղադրել էր «Երազ իմ երկիր հայրենի» երգի գրագողության մեջ, հիմա էլ այդ մեղադրանքին միացել է Հայրիկ Մուրադյանի որդին: «168 ժամ»-ին ուղղված նամակում մասնավորապես գրված է. ««Հայրիկ» ֆիլմի համար անհրաժեշտ երգի ստեղծման համար Ռոբերտը դիմեց Հայրիկին՝ միասին աշխատելու առաջարկով: Հայրս գրեց երգի համար բառերը, որի հիման վրա ստեղծվեց նաեւ մեղեդին: Հիշում եմ, թե ինչպես էր Հայրիկը երգում մեղեդին, իսկ Ռոբերտը գրառում եւ հարմոնիաներ հարմարեցնում…»։ Բայց հետո ֆիլմում Հայրիկի անունը նշված է եղել միայն որպես երգի կատարող, որից երգիչը վիրավորվել է եւ այլեւս չի խոսել կոմպոզիտորի հետ: 1995թ. հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում Ռ. Ամիրխանյանը հայտարարել է, թե երգի կատարողն ինքն է, իսկ վերջերս՝ ֆիլմի թվայնացումից հետո, Հայրիկի անունը անհետացել է նաեւ որպես երգի կատարող…
Քանի որ Ռ. Ամիրխանյանը խոստացել է բոլոր հարցերի պատասխանները տալ միայն համագումարի ժամանակ, սպասենք հոկտեմբերի 26-ին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս