ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե քաղաքացիական ծառայողներին արդյոք տրամադրվում են որոշակի արտոնություններ եւ փոխհատուցումներ: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողներին տրամադրվում են հետեւյալ արտոնությունները.
1) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում քաղաքացիական ծառայողի գործող աշխատավարձը պահպանվում է նույն չափով.
2) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.
3) հիմնական արձակուրդային վճարից բացի` քաղաքացիական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով.
4) այլ արտոնություններ, ինչպես նաեւ առանձին ծախսերի փոխհատուցումներ (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառավարությունը պարբերաբար խոստանում է բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա էին քաղծառայողների համար արժանավայել աշխատանքային պայմանների սահմանման խոստումներ: Սակայն առայժմ այդ ուղղությամբ հստակ քայլերը բացակայում են: Հիմա էլ խոստումների իրականացումը տեղափոխվում է հաջորդ տարի: