Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմենուհի Ասոյանին թոշակ ստանալու համար հաշմանդամության կարգ էր անհրաժեշտ, որը ձեռք բերելու նպատակով փետրվարի սկզբին դիմել էր բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանին: Վերջինս խոստացել էր օգնել, սակայն կաշառք ստանալու պայմանով: Մոսոյանը Արմենուհի Ասոյանին ուղարկել էր իր ծանոթի` Վանաձորի թիվ 2-րդ հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի մոտ: Բժշկուհին անհրաժեշտ հիվանդությամբ տառապելու մասին բժշկական էպիկրիզը տվել էր, սակայն 20 հազար դրամի դիմաց: Պարզվել էր, որ այդքանով հարցը լուծված չէ: Ֆիլոմենա Մոսոյանն էլ իր բաժինն էր ուզել: Վերջինս «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում Արմենուհի Ասոյանից պահանջել եւ ստացել էր 35 հազար դրամ: Ինչպես ասում են, դանակը ոսկորին էր հասել: Կատարվածի մասին Արմենուհին որոշեց հայտնել ոստիկաններին: Նույն օրը Գայանե Գասպարյանն ու Ֆիլոմենա Մոսոյանը ձերբակալվեցին: Մանրամասները փորձեցինք պարզել Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանից` ըստ որի սույն թվականի փետրվարի 11-ին Գայանե Գասպարյանն իր աշխատասենյակում Արմենուհի Ասոյանից պահանջել եւ ստացել է 20 հազար դրամ գումար եւ փետրվարի 17-ին վերջինիս տվել է զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի եւ նմանատիպ այլ հիվանդություններով տառապելու մասին կեղծ, իրավական հետեւանք առաջացնող թիվ 301 /83 էպիկրիզ: Դեպքի առթիվ փետրվարի 22-ին Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 304 հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով:Դեպքի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ նաեւ Վանաձորի թիվ երկրորդ հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանից: Վերջինս հրաժարվեց հարցազրույցից: պատճառաբանելով, որ նախաքննությունը դեռ ավարտված չէ եւ ինքը դեռ որեւէ բան ասել չի կարող: Միայն նշեց, որ Գայանե Գասպարյանը բարոյական բարձր հատկանիշներ ունեցող բարձրակարգ մասնագետ էր: Նշենք, որ մեր այցի ժամանակ Գասպարյանի աշխատասենյակի դուռն արդեն կնքված էր: Նրա գործով զբաղվող փաստաբան Կարեն Թումանյանը եւս երեկ հրաժարվեց մեկնաբանություններ տալուց` պատճառաբանելով նախաքննական գաղտնիությունը:Հ. Գ.Հայտնի է, որ կաշառակերությունը բնորոշ է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն բացահայտումներ շատ քիչ են լինում: Իսկ եթե լինում են, ապա ավելի ցածր օղակներում գտնվողներն են պատժվում, «մեծ ձկները», որպես կանոն, մնում են «խաղից դուրս»:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր
ԿԱՇԱՌԱԿԵՐ ԲԺԻՇԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ