Ժողովրդական երգերի կատարող ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հանդիսատեսը ճանաչեց “Ժողովրդական երգիչ” նախագծից: Ծնունդով Ջավախքից այս երիտասարդը 2001թ. ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, ապա ուսումը շարունակել Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ սկզբում խմբավարության, ապա համատեղությամբ կոմպոզիցիայի բաժնում:
Մավրի ընտանիքում երաժիշտներ չկան, սակայն, իր իսկ խոսքով, ով էլ իր մեջ մտածի, կգտնի ժողովրդական երգի հանդեպ սերը. “Մենք չենք կարող սեր չունենալ այն արվեստի ու մշակույթի հանդեպ, որ մերն է, մեր գենետիկայի հետ եկել է: Այլ խնդիր, որ ժողովրդական երգը նորացման կարիք ունի, բայց արժեքը արժեք է մնում”:
-Ի՞նչ է տալիս երիտասարդ երգչին մասնակցությունը հեռուստանախագծերին:
-Նախագիծը ինձ օգնեց եւ առիթ ստեղծեց ավելի մեծ քայլերով առաջ գնալ: Նման նախագծերը նոր սկսող երգիչների համար բավականին լուրջ նախադրյալ եւ լավ հիմք են հետագայում ավելի լավն անելու համար: Դու հասնում ես մի վիճակի, որից հետո լուրջ քայլերի դեպքում կարելի է լավ արդյունքի հասնել:
-Սկսնակներին հե՞շտ է շուկայում տեղ գտնելը:
-Ճիշտն ասած, այս պահին ես չեմ աշխատում շուկայական հարաբերությունների` տվյալ դեպքում շոու բիզնես հասկացողության մեջ, որովհետեւ ես ունեմ գաղափարական խնդիր, նպատակ` տարածել ժողովրդական երգը, որպեսզի երիտասարդները նորովի ընդունեն այն: Իմ խնդիրն այն չէ, որ մտնեմ շոու բիզնես ու ապրեմ այնտեղի կանոններով, ուզում եմ գաղափարական նպատակներս իրականացնել:
–Հնարավո՞ր է մաքուր հայկական երգով առաջ գնալ:
-Ճամփաները շատ տարբեր են ու բազմազան: Մենք տեսել ենք մի ճանապարհ` հիմնված լրիվ հին ավանդական ձեւերի վրա, մյուսը` հիմնված վերափոխման, ժողովրդական երգի հանդեպ վայրագությունների վրա, բայց դա չի նշանակում, որ չի կարելի առաջ շարժվել ժողովրդական երգի նորովի մատուցմամբ:
-Նորովի, այսինքն՝ ժողովրդականը դարձնել 6/8:
-Ա՛յ հենց դա է վատ, որ մեր ժողովուրդը 6/8 չափը սխալ է ընկալում: Մեզ մոտ այդ ժանրը, խիստ ասած, քյաբաբային վիճակների հետ են համեմատում:
-Սկսնակների համար եթերը բա՞ց է, թե պետք է վճարես, որ քեզ ցույց տան:
-Ո՛չ բաց է եւ ո՛չ էլ սահուն, բայց ամեն ինչ էլ կարելի է լուծել, հարթեցնել ու առաջ գնալ, որովհետեւ ճամփան սա է, պետք է պայքարել, աշխատել, ու հաստատ արդյունքի կհասնես:
-Դուք տեսահոլովակ ունեք, ցուցադրվո՞ւմ է եթերով:
-Չէի ասի՝ շատ ակտիվ, բայց ցուցադրվել է:
-Գումար վճարե՞լ եք հեռուստաընկերություններին:
-Ցուցադրվել է զուտ մեր ջանքերի շնորհիվ: Գումար չեմ վճարել:
–“Ժողովրդական երգիչ” նախագծից հետո “Շանթ” հ/ը-ի հետ պայմանագիր կնքե՞լ եք:
-Ես այդ պայմանագիրը չունեմ: Այսինքն՝ մեր պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզված է: Նախագծից անմիջապես հետո իմ ճակատագրի տերը ես էի:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Շատ լուրջ պատրաստվում եմ իմ առաջին մենահամերգին, որը կկայանա նոյեմբերի 9-ին: Ես առաջին անգամ կներկայանամ հանդիսատեսին որպես անհատ, եւ իմ առաջ ոչ այդքան ներկայանալու, այլ դեմք ցույց տալու խնդիր կա` երաժշտական մոտեցում, ոճ, ճաշակ… Տվյալ համերգի ծրագիրը ժողովրդական երգերի կոլաժ է, համերգը սկսվում է շարականով եւ վերջանում հայրենասիրական երգով: Այս պահին համերգի նախապատրաստական աշխատանքների մեջ ենք: Համերգս կլինի ,Արամ Խաչատրյանե մեծ համերգասրահում:
-Գաղտնիք չէ, որ համերգասրահ վարձակալելը մեծ գումարների հետ է կապված, Դուք Ձեր մենահամերգը սեփական միջոցներո՞վ եք անում:
-Հիմնականում իմ միջոցների վրա է հիմնված: Ես այն կարծիքին եմ, որ նախ պետք է ինչ-որ մի բան ցույց տաս, աշխատես, որ հետագայում կարողանաս վաստակել դրա պտուղները:
-Հիմնական աշխատանք ունե՞ք որեւէ ռեստորանում, ակումբում:
-Ո՛չ, ես աշխատում եմ միայն Հայաստանի պետական կամերային երգչախմբում, պետական աշխատող եմ:
-Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան տարիներ հետո:
-Չեմ ապրում զուտ հետագայի պատկերացումներով, ապրում եմ իմ գաղափարների իրագործման նպատակով: Դրանք առաջին հերթին ուղղված են մարդկային արժեքներին, իսկ կարիերայի ու մնացած հարցերում արդեն ժամանակն ու աշխատանքը ցույց կտան:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 640 համար