ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ հրաժարական տալը նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, մի որոշում է ստորագրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ՀՀ վարչապետի՝ 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եւ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետում փոփոխություններ է կատարել: Ի դեպ, վերոնշյալ որոշումը կայացվել է դեռեւս 1998 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Այն հիմնավորում է, թե որ պետական կառույցը աշխատողների ինչ թվաքանակ պետք է ունենա:
Տեղեկացնենք, որ 1998 թվականի նոյեմբերի 6-ի որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը եւ կառուցվածքային ստորաբաժանումները բաղկացած են եղել համապատասխանաբար 863 եւ 4 աշխատակցից: Սակայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստորագրած որոշմամբ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի՝ 863-ից բաղկացած աշխատակազմը դարձել է 841, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների թիվը՝ 4-ից դարձել է 3: Այսինքն՝ սպասարկման գրասենյակներում թվով 238 աշխատակիցներից մնացել են 228, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում 436-ից դարձել է 420, իսկ, ահա, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում նրանց թիվը ավելացել է՝ 43-ին գումարվել է եւս 5-ը, եւ դարձել 48:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ամենը իրականացվել է բարեփոխումների շրջանակներում: Մասնավորապես՝ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետագա խորացման արդյունքում Երեւանի «Կենտրոն», «Էրեբունի» եւ «Նոր Նորք» գրասենյակները միավորվեցին, ինչի հիման վրա կազմավորվեց «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ` բնակիչների եւ աշխատակիցների համար ապահովելով առավել հարմարավետ պայմաններ:
Այսինքն՝ կոռուպցիայից խուսափելու համար դեռեւս 2012 թվականին հանրապետության ողջ տարածքում կրճատվել է կադաստրի տարածքային ստորաբաժանումների թիվը: Դրանց փոխարեն ստեղծվել են սպասարկման գրասենյակներ: Իսկ տարածքային սպասարկման գրասենյակներում էլ կրճատվել է աշխատողների թիվը: Ավելին՝ դեռեւս 2012 թվականից անշարժ գույքի կադաստրը չի իրականացնում հաշվառման, չափագրման գործառույթը: Այն այժմ իրականացվում է մասնավոր չափագրող ընկերությունների կողմից, որ նրանց բիզնեսն էլ զարգանա: Արդյունքում պետական ապարատում աշխատող չափագրողները կրճատվել են:
Այսպիսով՝ բարեփոխումների արդյունքում աշխատողեր են կրճատվել: Շատ բարեփոխիչն են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ