Երբ որ վարչապետը խոսում է պրիմիտիվ գողության մասին, ասում է պրիմիտիվ անձնավորությունների մասին. Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ավիատոմսերի գնումների ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որպեսզի վերացնեն պրիմիտիվ գողությունը.«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչեւ այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որն ուղղակի ֆանտազիայի ժանրից է»,- ասել էր նա: Թե ում նկատի ուներ Կ. Կարապետյանը եւ արդյոք խոսելով պրիմիտիվ գողության վերացման մասին՝ այդպիսով նա չէր ակնարկում, որ այսուհետ գողությունը պետք է կատարել ոչ պրիմիտիվ ձեւերով. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:

-Պարո՛ն Այվազյան, նորանշանակ վարչապետ Կ. Կարապետյանը հայտարարել էր, թե ավիատոմսերի գնումների ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որպեսզի վերացնեն պրիմիտիվ գողությունը: Ո՞վ է, ըստ Ձեզ, գողը, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը:

-Պրիմիտիվ գողության մասին ինքը հայտարարեց պրիմիտիվ գողություն անողներին:

-Իսկ ովքեր են, ըստ Ձեզ, այդ պրիմիտիվ գողերը:

-Գիտեք, Դուք մի քիչ ծայրահեղացնում եք, Դուք ուզում եք՝ ես անձեր անպայման ասեմ:

-Իհարկե, կառավարության ղեկավարը հրապարակավ կառավարության անդամներին կոչ է անում վերացնել պրիմիտիվ գողությունը, ասել է թե՝ սա հաղորդում է հանցագոծության մասին: Բա չիմանանք, թե մեր տված հարկերից վարձատրվող որ նախարարն է եղել այդ գողը, կամ գուցե նախկին վարչապետը, աշխատանքից ազատված նախկին նախարարները…

-Եկեք մի քիչ հարգալից վերաբերվենք. սկսած մեր պետության բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներից, ավարտած վերջին քաղաքացիով: Ինչի ենք մենք մտածում… Ինքը պրիմիտիվ գողություն անվանեց այն տարբերակով, երբ որ մարդիկ կարող են խաղարկել ավիատոմսի թանկ եւ էժանի միջեւ: Դուք ինչ եք մտածում՝ նախարարներից որեւէ մեկը ունակ է կամ պետական պաշտոնյաներից որեւէ մեկը ունակ է 500 դոլարանոց տոմսի փոխարեն առնի 300 դոլորանոց եւ ցույց տա 500 դոլար:

-Իսկ Դուք կարծո՞ւմ եք, որ այդպես չէ: Ի վերջո, Կ. Կարապետյանը, կարծես թե, հակառակ կարծիքին է, եթե հայտարարում է, որ պետք է վերջ տալ այդ երեւույթին:

-Ես դա բացառում եմ: Պետական կառավարման համակարգում աշխատում է մինչեւ 10 հազար մարդ, երբ որ ինքը խոսում է պրիմիտիվ գողության մասին, ասում է պրիմիտիվ անձնավորությունների մասին :

-Այսինքն՝ բարձրաստիճան անձա՞նց նկատի չի ունեցել, օրինակ՝ Հ. Աբրահամյանին, ԳՆ Ս. Կրապետյանին…

-Ձեզ սենսացիա է պետք, որ ասեմ էսինչյան էսինչին: Հարցը գնում էր նրա մասին, որ սրանից հետո ավիափոխադրումներ իրականացնելու կամ ուղեւորություն կատարելու ժամանակ, որ գործուղում ես գնում, ստեղծում եք մեկ հարթակ: Այսինքն՝ ստեղծում եք մեկ էլեկտրոնային սայթ, որից գնումներ իրականացնելու պարագայում իրականացնում ես դրա միջոցով:

-Իսկ գուցե նորանշանակ վարչապետը ակնարկում էր, որ գողանալուց պետք է կարգին, ոչ պրիմիտիվ անել:

-Եթե լրատվամիջոցներում այդ տեսակետն է պտտվում, դա նման է մոտավորապես Քրիստոսի պատվիրանների պես ասված մի բանի, այսինքն՝ ոչ մի անգամ չեք ուզում լավը տեսնել, կլինի որ մի քիչ էլ լավը տեսնեք : Ինչու եք այդպես մտածում՝ գողացեք մեծ չափով: Համենայնդեպս, ինքը կարգավորման մեխանիզմ է մտցնում:

-Կարգավորման մեխանիզմը պրիմիտիվ գողերին կզսպի՞:

-Կոռեկտ չէ Ձեր հարցը, հիմա Ձեր հարցադրմանը չպատասխանեի, կնեղանայիք, չէ: Սրանից հետո բացահայտ հայտարարում ենք, որ պետք է գնումները կատարենք էլեկտրոնային եղանակով եւ ցանկացած լրագրող, որ ուզենա, կարող է դա տեսնել:

Քնար Մանուկյան




Լրահոս