Հարց քաղաքացիներից` անտուն մարդկանց տրամադրվո՞ւմ է ժամանակավոր օթեւան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Փողոցում բոլորս շատ հաճախ ենք տեսնում անտուն մարդկանց: Հասկանում եմ, որ պետությունը նրանց մշտական բնակարաններ չի կարող տալ, բայց ժամանակավոր, իմ կարծիքով, հնարավոր է: Մեր կանգառներից մեկում էլ կա նման մի մարդ, ով հիմնականում կանգառում է «ապրում»: Ուզում եմ իմանալ` ում է տրամադրվում ժամանակավոր օթեւան: Հնարավո՞ր է` կարողանամ օգնել այդ մարդուն:

Հասմիկ Հայրապետյան, 45 տարեկան, բժշկուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր օթեւանը տրամադրվում է հաճախորդի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից` մինչեւ վաթսուն օր տեւողությամբ, տասնութ տարին լրացած, մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթեւան, ինչպես նաեւ ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետեւանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Օթեւանն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաեւ բռնության ենթարկված անձի երեխային` նրա` օթեւանում գտնվելու ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան հայտնի է, անօթեւան մարդկանց թիվը մայրաքաղաքում ավելի շատ է, քան ժամանակավոր կացարանների հնարավորությունները, որոնք գերբեռնված են: Բնական է, որ պատկան մարմիններն ի վիճակի չեն այդքան մարդու տեղավորել: Հետեւաբար օրինաչափ կարելի է համարել, որ Երեւանի փողոցները բառի ամենուղիղ իմաստով լցված են անօթեւաններով: Պարզ է, որ ոչ թե ապաստարանների թիվն է քիչ, այլ անօթեւաններն են այնքան շատացել, որ նրանց բոլորի համար տանիք գտնել պարզապես հնարավոր չէ: Անվիճելի է նաեւ, որ խնդրի լուծումը ոչ թե նորանոր ապաստարաններ կառուցելն է, այլ բոլոր այն սոցիալական նախապայմանների վերացումը, որոնք ամեն օր ավելի ու ավելի շատ մարդկանց են փողոց նետում:

 




Լրահոս