ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնած իր զեկույցում ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը սուր քննադատության է ենթարկել հեղաշրջումից հետո Թուրքիայում ծավալված հակաժողովրդավարական գործընթացները՝ միաժամանակ հակադարձելով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած հայտարարություններին:
Նաղդալյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի Չավուշօղլուի տեսլականը՝ 5 շրջանների ենթադրյալ դուրս բերման շուրջ, իրականության երևակայական ընկալում է:
«Մինչդեռ ռեալ իրականության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,-ասել է նա:
Հերմինե Նաղդալյանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ է համարել Չավուշօղլուի հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարությունները:
«Եթե Թուրքիան իսկապես մտադրված է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ դեպքում վավերացված և ի կատար ածված կլինեին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը», – իր ելույթում նշել է Հ. Նաղդալյանը:
Անդրադառնալով պետական հեղաշրջումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայում ծավալված հակաժողովրդավարական գործընթացները:
«Այսօրվա քննարկումը լավագույն վկայությունն է , որ իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության «թեժ կետերից» մեկը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրի անկայուն իրավիճակը կարող է պայթունավտանգ լինել ոչ միան տարածաշրջանի համար, այլ առավել լայն իմաստով »,- իր մտահոգությունն է փոխանցել ԵԽԽՎ-ականներին հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրել, որ նախագահ Էրդողանի կործանարար արձագանքը որևէ հույս չի թողնում՝ երկրում ցանկացած ժողովրդավարական գործընթացի համար:
Ըստ ԱԺ փոխնախագահի` ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը օգտագործում են` որպես երկրում բողոքի ակցիաները ճնշելու արդարացում:
«Եվ դրա արդյունքում հազարավոր զինծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ և քաղաքացիական ծառայողներ հանկարծակի ձերբակալվում են կամ աշխատանքից հեռացվում:Մարդու հիմնարար իրավունքների կասեցում է նշանակում վերջերս երկարաձգված արտակարգ դրությունը, միաժամանակ ` մահապատիժը կրկին կիրառելու քննարկումը»,- վստահեցրել է Նաղդալյանը` դրա իբրև արտառոց ապացույց դիտարկելով նաև այն, որ իշխանությունները փակել են մի քանի քրդական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, այդ թվում` մանկական մեկ ալիք:
«Կարո՞ղ եք պատկերացնել` Թուրքիան սպառնալիքի իրական աղբյուր է դիտարկում մուլտֆիլմային մեկ ալիքը: Եզրակացությունն անխուսափելի է, հարգելի գործընկերնե՛ր, Թուրքիան ավելի ավտորիտար է դառնում, ավելի անկանխատեսելի, որը բերում է հասարակության խորապես պառակտվածությանը »,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնելով բոլորովին վերջերս Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության թեմայով քննարկումները և հնչող մտահոգիչ բազմաթիվ տեսակետները ` Հերմինե Նաղդալյանը կրկին հնչեցրել է հայկական կողմի պնդումը` Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը վերականգնելու գաղափարի շուրջ, քանզի, ըստ Նաղդալյանի, այդ հարցն այսօր առավել քան հրատապ է` պայմանավորված կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին:
«Թուրքական իշխանությունները, բոլորովին անտեսելով օրենքի գերակայությունը, իրավիճակը օգտագործում են` պայքարելու երկրում իրենց քաղաքական հակառակորդների և ազգային փոքրամասնությունների դեմ:
Այնպես որ, նախարար Չավուշօղլուն ավելի լավ կլիներ կենտրոնանար այդ լուրջ խնդիրների վրա, այլ ոչ թե՝ Վեհաժողովի հետ կիսվեր իր անձնական պատմություններով » ,- եզրափակել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: