Երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մասին: Նա իր խոսքում նշեց յոթ պատճառ, որոնք պատճառ են դարձել այդ որոշման համար և չթաքցրեց, որ իր թիմից շատերն են ՀՀԿ-ական դառնալու ցանկություն հայտնել: «Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք չկա: Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է», – նշել էր նա:
Պարզենք, թե կառավարության այժմյան կազմից ովքեր են իշխող կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր` անկուսակցական: Նախ ընդգծենք, որ մինչ Կարապետյանի հայտարարությունը, ՀՀԿ-ական դառնալու իր ցանկության մասին բարձրաձայնել էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Սակայն, ի տարբերություն պաշտպանության նախարարի, Ամիրյանը դեռ դիմում չի ներկայացրել, և բազմաթիվ հարցերին ի պատասխան լրագրողներից մինչև ապրիլ ժամանակ խնդրեց: Թերևս սարերի հետևում չէ այն օրը, երբ նշված անկուսակցական նախարարները ևս կդառնան հանրապետական:
Այսպիսով, անկուսակցական նախարարներն են.
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան: Հիշեցնենք, որ նա 1996թ.-ից մինչ նախարար նշանակվելը «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն էր:
Չնայած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարությունում նոր մարդ չէ, սակայն ՕԵԿ-ից դուրս գալուց հետո նա շարունակում է անկուսակցական մնալ:
Ինչպես նշել էինք, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն արդեն հայտարարել էր ՀՀԿ-ական դառնալու մասին` խոստովանելով սակայն, որ Նժդեհի գաղափարախոսությանն ամենևին ծանոթ չէ, սակայն դա չի խանգարում այդպիսի որոշման համար:
Նշենք, որ մինչ Կարապետյանի կառավարությունում պաշտոն ստանալն Առաքելյանը Երևանի Կոնյակի գործարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1998-2016 թթ. Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խումբ` փորձագետ հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ևս պատկանում է անկուսակցական նախարարների թվին: Մինչ այդ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2015-2016թթ. եղել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն:
Արդեն իսկ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացրած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մինչ պաշտոն ստանալը, 2011-2016 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և շատերի համար թերևս զարմանալի էր, որ նա մինչ այժմ անկուսակցական էր:
Անկուսակցական է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով նախկինում ԲՀԿ-ական էր: Որքան էլ զարմանալի է, ԲՀԿ-ից դուրս գալուց հետո Ռոստոմյանը շարունակել է զբաղեցնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Անկուսակցական է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով մինչ նախարար դառնալը, տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդհուպ մինչև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների տեղակալ լինելը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ևս իր գործընկերներից և վարչապետից ետ չի մնա: Երեկ նա հայտարարեց, որ ՀՀԿ-ական է դառնալու: Հավելենք, որ մինչ այդ նա էր «GNC-ալֆա» ՓԲԸ-ում զբաղեցնում տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
Հավելենք, որ անկուսակցական է նաև Կարապետյանի թերևս ամենավստահելի մարդկանցից մեկը` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Թերևս հեռու չէ այն օրերը, որ վերը նշված բոլոր մարդիկ կընդգրկվեն իշխող կուսակցության շարքերը: Թե ով ինչ կարգավիճակով, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստ է մեկ բան. այսուհետ անմոռուկներին կփոխարինեն ՀՀԿ կրծքանշանները: