ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Լոռու մարզի Արևածագ համայնքի նախկին ղեկավար Սամվել Սարգսյանը և հայտնել, որ նորընտիր գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը փորձում է ազատել գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարին և հաշվապահին:
«Ընտրությանը ես չընտրվեցի: Հիմա էս գյուղապետն եկել է երկու աշխատողներին է կպել՝ աշխատակազմի ղեկավարին ու հաշվապահին: Առանց հիմքի, բանի, ասում է, որ պետք է դուք աշխատանքից ազատվեք: Դուք ընտրությանը խոչընդոտել եք»,-մեզ հետ զրույցում նշեց Արևածագին նախկին համյանքապետ Սամվել Սարգսյանը:
ArmLur.am-ը զրուցեց նաև Արևածագի գյուղապետարանի հաշվապահի՝ Ռուզաննայի հետ` հասկանալու համար, թե ի՞նչ խնդիր կա Արթուր Հովհաննիսյանի հետ: Վերջինս շատ հուզված և վրդոհված պատմեց, որ շատ երկար տարիներ է ինչ աշխատում է գուղապետարանում և նրա համար անհասկանլի է, թե ինչու են առանց պատճառի ուզում ազատել աշխատանքից. «Նա ինձ ու աշխատակազմի ղեկավարին ՝ Սիլվային, ասաց, որ այլևս մենք միասին չենք աշխատելու: Մենք էլ ասեցինք ինչն է պատճառը, պետք է աշխատենք, նա մեզ պատասխանեց. «Ես խորհուրդ եմ տալիս Ձեզ, որ Դուք Ձեր ձեռքով դիմում գրեք և դուրս գաք աշխատանքից»:
«Մենք էլ ասացինք՝ դիմում չենք գրի: Նա ստիպում է մեզ, որ մենք անպայման դիմում գրենք: Հետո շատ ստիպեցինք ասաց, որ ընտրությունների ժամանակ մենք խոչընդոտել ենք աշխատանքներին: Նա էլ մեզ ասաց. «Դուք պառավներ եք քարշ տվել ընտատեղամաս, գործող գյուղապետի կողքին եք կանգնել: Դուք ինձ չեք ընտրել, ամեն ինչում խառնել ու խանգարել եք: Մենք միասին չպետք է աշխատենք: Ես խոստացված մարդիկ ունեմ, որ ինձ ընտրել են: Ես պետք է նրաց տեղավորեմ»»,- հայտնեց նա:
Ռուզաննայի խոսքով ՝ գյուղապետն ասել է՝ մի երկու նկատողություն կտա, երրորդն էլ այնպիսի նկատողություն կտա, որ աշխատանքային գրքույկը սևանա, այլևս չկարողանան ոչ մի տեղ աշխատել. «Մի խոսքով՝ հիմանական պատճառն ընտրություններն են»:
Հավելենք, որ նրանք նամակով դիմել են նաև տարածքային կառավարման նախարարություն և Լոռու մարզպետին:
Լիդա Եղիազարյան