ՀՀ բնապահպանության նախարարության ուղերձը
«Հարգելի հայրենակիցներ,
Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը, ըստ էության, լուծեց ռազմավարական խնդիր: Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը և վերականգնմանն ուղղված պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ են իրականացնելու:
Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից: Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը: Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանություն»: