Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, մեկնելու է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի՝ մասնակցելու Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) 22-րդ համագումարի աշխատանքներին:
Շուրջ երկու հարյուր երկրից ժամանած պատվիրակների հիմնական ուշադրությունն այդ օրերին սևեռվելու է արդյունավետ վարչարարությանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը վերաբերող հարցերին: Համագումարի պատվիրակները բացի կանոնադրական խնդիրներից անդրադառնալու են նաև աուդիտի միջազգային ստանդարտներին:
Մի շարք նոր ստանդարտների մշակման և հետագա իրագործման աշխատանքներում իր դերակատարումն ունի նաև ՀՀ վերահսկիչ պալատը, որը, միաժամանակ, հանդիսանում է ԻՆՏՈՍԱԻ տարածաշրջանային և մասնագիտական կառույցների անդամ:
Համագումարն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Առաջիկա երեք տարիներին համաշխարհային այս կազմակերպությունը նախագահելու է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ բարձրագույն մարմինը:
Համագումարի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունենալու Իրանի, ԱՄԷ, ԵԱՏՄ և մերձբալթյան երկրների իրենց գործընկերների հետ. քննարկվելու են համատեղ ծրագրերին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Համագումարի աշխատանքների արդյունքներն ամփոփվելու են եզրափակիչ հռչակագրում: Համագումարի գլխավոր նստաշրջանի փակմանը տեղի է ունենալու նաև 23-րդ համագումարի անցկացման վայրի և ղեկավար խորհրդի ընտրություն:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան։