19-ամյա ուսանողի սպանության գործով ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանքներ են առաջադրվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին` նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վահե Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռ.Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է 18-ամյա Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ 17-ամյա Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տեղի ունեցած հանցագործությունը. փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որի ժամանակ Վ.Մուրադյանին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ Ռ.Մարտիրոսյանին` ծանր մարմնական վնաս, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանող 21-ամյա Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նրա բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոխրագույն ծալովի դանակ. կասկածյալի հայտարարության համաձայն` նշված դանակով է հարվածներ հասցրել Վ.Մուրադյանին եւ Ռ.Մարտիրոսյանին:

Նախաքննությունը շարունակվում է: Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս