Առաջիկա խորհրդարանական ընտրություններն իշխանությունների համար լուրջ փորձաքար են լինելու, եւ այս առումով ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնած: Բանն այն է, որ Եվրամիությունը Հայաստանին խոստացված գումարները կտա պայմանով, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան:
ԵՄ-ն Հայաստանում մի շարք ծրագրեր է ֆինանսավորում, որոնց հետագա շարունակությունը եւս կախված է լինելու ընտրությունների որակից: Բացի այդ՝ օրերս ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հարցազրույցում ասել է. «ԵՄ ներգրավվածության մակարդակն աննախադեպ է։ Ինչպես գիտեք՝ ԵՄ-ը մինչեւ 7 մլն եվրո է հատկացնելու, ինչը արտաքին ֆինանսավորման գրեթե 90 տոկոսն է։ Մենք ոչ մի ուրիշ երկրում չենք արել նման բան։ Ինչո՞ւ ենք հիմա անում. որովհետեւ հավատում ենք, որ Հայաստանը մեր աջակցության կարիքն ունի, հավատում ենք, որ այդ աջակցությունը կարող է ծառայել լավ նպատակների եւ տալ հստակ արդյունքների։
Մենք արդեն մինչեւ 4 մլն եվրո ենք վճարել սարքավորումներ գնելու համար։ 2 մլն եվրո կփոխանցվի մոտ օրերս։ Ավելի քան 1 մլն եվրո էլ Հայաստանի կառավարությանը կտրվի միայն ընտրություններից հետո։ Եվ մենք դա գաղտնի չենք պահում։ Վերջին տրանշի հատկացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվեն ԸՕ-ի շուրջ համաձայնագրի դրույթները։ Հետեւաբար մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Մեր տեսակետից ամենակարեւոր հարցերը, որոնք պետք է քննարկել, արդար քարոզարշավի հարցերն են` վարչական ռեսուրսի կիրառումը կանխելուն, ընտրակաշառքի բաժանումը բացառելուն եւ լրատվամիջոցներում լուսաբանման հավասար հնարավորություններին»:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ԵՄ դեսպանն իր խոսքում շեշտում է վարչական ռեսուրսի կիրառումը կանխելու, ընտրակաշառքի բաժանումը բացառելու մասին. սրանք այն երեւույթներն են, որ մշտապես կիրառվել են նախորդ բոլոր ընտրություններում: Եւ այս մեխանիզմները նախատեսված են լայնորեն կիրառել նաեւ այս խորհրդարանական ընտրություններում. իշխանությունների հույսը հենց դա է լինելու, որովհետեւ տեղամասերում նրանք ըստ էության զրկված են լինելու ընտրություններն ուղղակի կեղծելու հնարավորությունից:
Ինչպես հայտնի է՝ ընտրական գրեթե ողջ գործընթացը տեսանկարահանվելու եւ համացանցով ուղիղ եթերով հեռարձակվելու է, եւ բացի այդ՝ հրապարակվելու են ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ընտրացուցակները՝ այդպես կանխելով բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելը:
Իշխանությունները, իհարկե, հիմա փորձում են համոզել, թե իրենք ամենաազատ ու ամենաարդար ընտրություններն են անցկացնելու: Եւ, ընդհանրապես, բոլոր ընտրություններից առաջ նրանք միշտ էլ նման խոստումներ են տվել, թե իբր առաջինը հենց իշխանություններին պետք չեն կեղծիքները, թե իբր իրենք ուզում են ՀՀ պատմության մեջ ամենաազատ ու ամենաարդար ընտրություններն անցկացնել, եւ այլն, եւ այլն: Նույն սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ իշխանությունները մեծից փոքր հայտարարում էին՝ իրենց պետք չէ, որ երկրի մայր օրենքն ընդունվի խախտումներով: Բայց ընտրությունների օրը այս բոլոր խոստումները հօդս են ցնդում, երբ բախվում են իշխանությունը կորցնելու վտանգին:
Այնպես որ, ՀՀԿ-ին ԱԺ ընտրություններում բավական լուրջ փորձություն է սպասվում: Եթե նախորդ ընտրություններում կեղծիքների հետեւանքը կարող էր լինել առանց այն էլ չունեցած հեղինակությունը կորցնելը, ապա հիմա կորուստը լինելու է առարկայական: Այս առումով ՀՀԿ-ն կանգնած է երկընտրանքի առաջ. գնա՞լ ընտրակեղծիքի եւ զրկվել միլիոնավոր դոլարներից, թե՞ հանուն երկրի ապագայի ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, որի դեպքում մեծ կլինի իշխանությունից զրկվելու հավանականությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք ազատ եւ արդար ընտրություններ են անցկացնելու. «ՀՀԿ-ն էր, որ ավելի քան մեկ տարի առաջ առաջարկեց բոլորին, այդ թվում խորհրդարանական ընդդիմությանը, ներդնել մեխանիզմներ, որոնք կապահովեն ընտրությունների բարձր որակը: Մենք էինք, որ ԸՕ-ում դրեցինք մեխանիզմներ, որոնք շատ ավելի բարձ մակարդակ են ապահովում, քան նախորդ օրենսգրքերը: Մենք էինք, որ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ գնացինք համաձայնեցված տարբերակի, որ նրանց մտահոգող պրոբլեմների հետ կապված առաջարկեն լուծումներ, որ զերծ կպահեն որեւէ չարաշահումից:
Այնպես որ, իշխանությունները եղել եւ մնում են հիմնական նախանձախնդիրը, որ ընտրություններն անցկացվեն ազատ, արդար, թափանցիկ, եւ արդյունքները որեւէ կասկած չհարուցեն»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ընդհակառակը, պնդում է, որ երբ ՀՀԿ-ն հայտնվի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ, կմոռանա ԵՄ-ից խոստացված գումարների մասին ու կգնա ընտրակեղծիքների: «Իշխանությունները ձայն չունեն, նրանք կպարտվեն խայտառակ ձեւով, դրա համար էլ կփորձեն գնալ ընտրակեղծիքների: Չեմ հավատում նրանց խոստումներին: Աչքը տեսածից է վախենում,- ասաց նա՝ հավելելով,- իրենց համար իշխանությունը ձեր ասած գումարներից հազարապատիկ ավելին արժի»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ