Պետք է մեծացնել ճնշումներն Ադրբեջանի վրա. Ադամ Շիֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգրեսական Ադամ Շիֆը, «Ամերիկայի ձայնի»-ի փոխանցմամբ, խոսել է ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին եվ արտաքին քաղաքականության մասին, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։

Համարձակ ու անկանխատեսելի որոշումներով հայտնի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի դերի մեծացում է կանխատեսում։ Ըստ նրա, թե′ դեմոկրատները եւ թե′ հանրապետականները ցանկանում են հնարավորին չափով սահմանափակել նախագահի կայացրած որոշումները։

“Օրինակ Կոնգրեսը դեմ է, որ նախագահը սահմանափակի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Շատերն են մտահոգ Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Խոսքը վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին խնդիրներին։ Հաջորդ կարեւոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն են: Շատ դեպքերում վարչակազմի եվ Կոնգրեսի դիրքորոշումները չեն համըկնում”։

Ադամ Շիֆը ասում է, որ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաեւ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։

“Հարավակովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում եվ Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները”։

Հաջորդ կարեւոր բնագավառը էմիգրացիոն բարեփւխումներն են։ Ադամ Շիֆի գրասենյակը յուրաքանչյուր օր բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից, այդ թվում` հայերից։

“Էմիգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները կունենան նաեւ իրենց բացասական հետեւանքները շատ հայերի վրա։ Հատկապես նրանց, ովքեր արգելք հանդիսացող 7 երկներից են։ Մենք շարունակելու ենք օգնել փախստականներին` միանալ իրենց ընտանիքներին ԱՄՆ-ում”։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` Ադամ Շիֆը ասաց, որ հրադադարի խախտման բոլոր դեպքերը անթույլատրելի են։ Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա հակահայկական դրսեւորումները նվազեցնելու համար, ընդգծեց կոնգրեսականը։ Նա շարունակում է կողմ արտահայտվել սահմանի ողջ երկայնքով մոնիթորինգային սարքի տեղադրմանը։

Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամները պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով դիմել նախագահին։ Շուտով կներկայացվի նաեւ նոր բանաձեւ։

“Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական քայլ է այն, որ Մայք Ֆլինը այլեւս վարչակազմում չէ։ Նա ուներ տնտեսական շահեր Թուրքիայի հետ։ Եվ նրա դիրքորոշումները շատ մտահոգիչ էին։ Իմ համոզմամբ սա հրաշալի հնարավորություն է ունենալ նախագահ, որը երբեք չի խոսել այս խնդրի մասին նախկինում, եւ այժմ կարող է հստակ դիրքորոշւմ արտահայտել եվ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ում հայ համայնքի ազդեցիկ դեմքերը եւս պետք է նախագահին հորդորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը”։

Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականը վստահեցնում է, որ առաջիկայում եւս ոչ մի ջանք չի խնայելու հայերին հուզող խնդիրների լուծման համար։




Լրահոս