Եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը. Արամ Դանիելյանը կպաշտպանի Սամվել Սանամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կոտայքի մարզում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներն են՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՊԵԿ մաքսային եւ հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը եւ փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

ՀՀ Կոտայքի մարզում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետեւանքով նախընտրական թեժ մթնոլորտ է ստեղծվել: Բանն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող վերը նշված թեկնածուները ոչ միայն մրցակցելու են մյուս քաղաքական ուժերի, այլեւ իրենք իրենց հետ: Ավելին՝ դեռ քարոզարշավը չսկսած՝ նրանցից յուրաքանչյուրը սկսել է մերժելի ճանապարհներով ձայներ հավաքագրելու գործընթացը:

Առաջադրված թեկնածուներից Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սամվել Սանամյանը, որը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, սկսել է ցուցակագրումներ անել՝ միաժամանակ խոստանալով սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:

Տեղեկացնենք, որ խոսքը այն Սամվել Սանամյանի մասին է, որ անցած տարի ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, անձամբ շրջելով ընտրատարածքներում, կեղծիքների հրահանգներ էր տալիս՝ հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը:
Ի դեպ, թեեւ բացի Սանամյանից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Արամ Դանիելյանի օգտին աշխատել է նաեւ բնապահպանության նախկին նախարար, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը, այնուամենայնիվ, Դանիելյանը ծառայելու է Սանամյանին:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, Դուք ապրիլին կայանալիք ընտրական գործընթացներում ի՞նչ ձեւաչափով եք ներգրավված:

-Ես ՀՀԿ-ի Հրազդանի շտաբի պետն եմ, ՀՀԿ-ի տարածքային կառույցի նախագահն եմ:

-Ձեր օգնությունը առաջադրվող թեկնածուներին ի՞նչ տեսքով է լինելու:

-Ո՞նց ինչ տեսքով, ընտրական օրենսգրքին համապատասխան մենք նախընտրական ընտրարշավներ ենք կազմակերպելու մեր կուսակցության օգտին:

-Իսկ դա Ձեր՝ քաղաքապետի աշխատանքին չի՞ խանգարելու: Չէ որ այն հանրային ծառայողները, որոնք ընտրական գործընթացներում ներգրավված են, կա՛մ արձակուրդի են մեկնում, կա՛մ ժամանակավորապես դադարեցնում են իրենց աշխատանքային գործունեությունը: Դուք այս դեպքում ինչպե՞ս եք վարվելու:

-Ընտրարշավի ժամանակ ես արձակուրդի եմ մեկնելու:

-Ձե՞ր հաշվին էք մեկնելու արձակուրդի, թե՞ պետության:

-Իհարկե, իմ հաշվին կվերցնեմ. մարտի 5-ից կմեկնեմ արձակուրդի մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը:

-Այդ ընթացքում քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես ո՞վ է իրականացնելու:

-Համայնքի ավագանին կորոշի, բայց, հավանաբար, աշխատակազմի ղեկավարը:

-Ընտրարշավի ժամանակ քաղաքապետարան ելումո՞ւտ էլ չեք անելու:

-Իհարկե, ո՛չ: Նախընտրական շտաբ է բացվելու, եւ ես այնտեղ կլինեմ:

-Պարո՛ն Դանիելյան, հայտնի է արդեն, թե ովքեր են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել՝ փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Սամվել Սանամյանը: Նշվածներից որի՞ համար եք աշխատելու:

-Մենք Հանրապետական կուսակցության համար ենք աշխատելու, իսկ ժողովուրդը որին կցանկանա, իր ձայնը կտա:

-Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ե՛ւ Արամ Հարությունյանը, ե՛ւ Սամվել Սանամյանը Ձեր օգտին ձայներ հավաքագրեցին՝ Ձեզ անցկացնելու համար: Այս դեպքում Դուք ո՞ւմ համար եք աշխատելու՝ Սամվել Սանամյանի՞, թե՞ Արամ Հարությունյանի:

-Մենք աջակցելու ենք Հանրապետական կուսակցությանը…

-Ի վերջո, Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ Արամ Հարությունյանի:

-Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու:

-Իսկ Արամ Հարությունյա՞նը, չէ՞ որ նա էլ էր Ձեզ համար քաղաքապետի ընտրություններին ձայներ բերել:

-Ես իրեն շատ հարգում եմ, բայց ես էս տարածքի շտաբի պետն եմ: Ինքը ինձ աջակցել է… իրենք երկուսն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կան… մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար:

-Փող բաժանելո՞ւ եք:

-Երբ կսկսի քարոզչությունը, կգաք շտաբ, մենք կմանրամասնենք:

-Այսինքն՝ փող բաժանելու եք:

-Փող չենք բաժանելու:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս