Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու է տարածարջանային տուր փաթեթներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանք է տարվում: «Արդեն մեր տուրօպերատորները Էկո տուրիզմի, արկածային զբոսաշրջության մասով ներկայացնում են Հայաստան-Վրաստան տուր փաթեթ:
Վերջերս Վրաստանից Հայաստան էին եկել 15 տուրօպերատորներ, առաջիկայում սպասվում է մեր տուրօպերատորների այցը Վրաստան: Քննարկման օրակարգում համատեղ տուր փաթեթների հարցն է»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով, միասնական տուրփաթեթներ ունենալու համատեքստում ակտիվ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ:
Արդեն Հայաստանից տուրօպերատորներ են եղել Իրանում, շուտով Իրանից տուրօպերատորներ կգան Հայաստան: «Միասնական տուր փաթեթներ ունենալու հարցում մեր կողմից պետք է լինի խրախուսում, բայց մասնավոր հատվածը նույնպես պետք է ակտիվ լինի: Իրանցի գործընկերների հետ քննարկումերը շարունակվում են, կարծում եմ, արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց նա: Թե Հայաստանից Իրան, թե Իրանից Հայաստան զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար լուրջ տեղեկատվական աշխատանք պետք է տարվի:
«Երկկողմանի տեղեկատվության պակաս կա: Գումար պետք է ներդնել, երկիրը գովազդել: Օրինակ, մենք Իրանը բավարար չափով չգիտեք, շատ կցկտուր պատկերացում ունենք Իրանի պատմամշակութային արժեքների մասին: Իրանում էլ Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա: Վերջերս Իրանում տուրօպերատորների հետ հանդիպմանը հարցրեցի, թե որ մեկն է գովազդում Հայաստանը, ոչ մի կազմակերպություն ձայն չհանեց: Այնպես, որ իրանական շուկան մեզ համար կարևոր է և հետաքրքիր, անհրաժեշտ է բազմակողմանի աշխատել այդ ուղղությամբ: Իրանը 80 միլիոնանոց շուկա է: Եթե կարողանանք 1 տոկոսն էլ բերել Հայաստան, ապա դա լուրջ արդյունք կլինի»,- ասաց նա:
Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ թայլանդական շուկան հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային տուրփաթեթների նկատմամբ, մասնավորապես, ՀայաստանԻրան, ՀայաստանՎրաստան, ավելին, նույնիսկ նշվում է ՀայաստանՌուսաստան ուղղությունը: Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է հստակ քաղաքականություն մշակել այդ երկիրը թիրախային շուկա դարձնելու համար: