ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԸ` ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ԾԵԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ պատգամավորի որդին դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն, ով աչքի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, եւ վտանգ կա, որ աչքը կկուրանա: Ու չնայած իրավապահները հարցաքննել էին Սպարտակ Ղուկասյանին, եւ նա ասել էր, թե ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, սակայն իրավիճակը միանգամայն այլ բանի մասին է փաստում: Բանն այն է, որ միջադեպի հետեւանքով դաժան ծեծի ենթարկված, «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն իրավապահները 7 օր է՝ չեն կարողանում գտնել: Չի բացառվում, որ նրան թաքցրել են, որպեսզի վնասվածքները անցնեն, ապաքինվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չի ստացել եւ բողոք չունի:
-Պարո՛ն Գաբրիելյան, աղմկահարույց այս դեպքը տեղի է ունեցել շուրջ երկու շաբաթ առաջ, սակայն իրավապահները մեր հրապարակումից հետո՝ մայիսի 12-ին, նոր սկսեցին գործով անցնող անձանց հրավիրել հարցաքննության եւ ցույց տալ, թե գործ են անում: Դուք անձամբ Ձեր վերադաս մարմիններին զեկուցե՞լ եք նշված դեպքի մասին:
-Ուրեմն ասեմ, որ մինչ մամուլի հրապարակումը, նշված դեպքի հետ կապված կատարվել են անհրաժեշտ դատավարական, քննչական գործողությունները: Այսինքն՝ ոստիկանության բաժինը, մինչ մամուլի հրապարակումը, նշված դեպքի ամբողջ ծավալով հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ գործողությունները: Այսինքն՝ նշված տեղեկությունը ստանալու պայմաններում ոստիկանության համապատասխան աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել իր անմիջական ղեկավարին, որ իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ստացել է օպերատիվ նման տվյալներ, նշված զեկուցագիրը գրանցվել է համապատասխան թիվ երկրորդ մատյանում, եւ այդ զեկուցագրի շրջանակներում կատարվել են ստուգողական աշխատանքներ, որի ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, բացատրություններ են վերցրել համապատասխան մարդկանցից, եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
-Կոնկրետ ե՞րբ է դա իրականացվել:
-Մայիսի 10-ին, իսկ մամուլի հրապարակումը, եթե չեմ սխալվում, մայիսի 12-ին էր: Այսինքն՝ 10-ից ոստիկանության աշխատակիցները ձեռնամուխ են եղել իրենց աշխատանքին:
-Բայց աղմկահարույց դեպքը եղել է մոտ 10 օր առաջ…
-Դեզինֆորմացիա է, ոստիկիանության աշխատակիցը դեպքի մասին իմացել է մայիսի 10-ին եւ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել համապատասխան գործողություններ կատարելուն: Այն, որ հրապարակվում է, թե մամուլի հրապարակումից հետո է ոստիկանությունը ձեռնամուխ եղել գործողություններ իրականացնելուն, դա իրականությանը չի համապատասխանում, այդպես չէ:
-Ողջ Գյումրին խոսում է, որ չնայած մայիսի 10-ին է կատարվածի մասին հաղորդում ներկայացվել ոստիկանություն, դեպքը եղել է դրանից տասն օր առաջ: Դուք դեպքի մասին տեղեկանալով, որպես մարզի դատախազ, Ձեր վերադաս մարմիններին զեկուցե՞լ եք կատարվածի մասին:
-Նշված դեպքի կապակցությամբ ամսի 10-ից կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, բնականաբար տեղյակ են եղել բոլոր վերադաս մարմինները, ինչ խնդիր կա, ես խնդիր չեմ տեսնում:
-7 օր է անցել, չե՞ք կարողանում գտնել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն: Տարածված կարծիք կա, որ նրան թաքցնում եք, որպեսզի հետեւանքները ծանր չլինեն:
-Ո՛չ, եթե չեն գտնում տուժողին, դա չի նշանակում, որ թաքցնում են: Միանշանակ իրավապահները իրականացնում են հնարավոր, նույնիսկ անհնարին գործողությունները տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ես դա շատ լավ գիտեմ, ես նշված նյութի հետ կապված բոլոր գործողություններից տեղյակ եմ, իմ ուշադրության կենտրոնում է: Ավելին ասեմ, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով` խուլիգանություն: Այն, որ ոստիկանները բազմածավալ աշխատանքներ են կատարում ենթադրյալ տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ, դա փաստ է: Նույնիսկ գիշեր-ցերեկ, գիշերային ժամերին նրանք այդ ուղղությամբ կատարում են աշխատանքներ, անձամբ ես եմ ականատես եղել:
-Եվ չնայած դրան՝ արդեն 7 օր է՝ չեն գտնում, կթաքցնեն այնքան, մինչեւ անցնի վտանգը:
-Հաստատ համոզված եմ՝ ենթադրյալ տուժող անձին թաքցրած պահելը ձեռնտու չէ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում: Այն, որ իբր նրանց ձեռնտու է, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ինչի՞ համար պետք է ձեռնտու լինի: Ես չեմ կարող ասել՝ նշված անձը որտեղ է, ինչու չկա, բայց որ այսօր քննությանն անհրաժեշտ է հայտնաբերել նրան, դա փաստ է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ, ԿԻՄԱՆԱՔ
Երեկ կաշառքի գործով կալանավորվեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:Ու նա միակ դատավորը չէ, որ կաշառքի գործով կալանավորվում է եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, թե որ գործով է կալանավորվել դատավորը:
Գրել էինք, որ դատավոր Լեւոն Արազյանը մայիսի 5-ին վճիռ է կայացրել Վեդի քաղաքի բնակիչ Գրիգոր Շամասուրյանի գործով: Պարզել էինք, որ Գրիգոր Շամասուրյանը, իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 05 OL 578 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 1.800 ԱՄՆ դոլարով վաճառել էր Այգավան համայնքի բնակիչ Արթուր Նիկողոսյանին: 2016 թվականի դեկտեմբերի սկզբներից սկսած Գրիգոր Շամասուրյանը Արթուր Նիկողոսյանից պահանջել էր պարտք մնացած գումարը, սակայն վերջինս պատճառաբանել է, որ գումար չունի, ժամանակ է խնդրել: Գրիգոր Շամասուրյանը՝ ենթադրելով, որ Արթուր Նիկողոսյանը խաբում է իրեն, գնացել է Նիկողոսյանի տան բակ, տարել է այնտեղ կայանված իր մեքենան եւ ես մեկ այլ մեքենա: Այս արարքի համար Գրիգոր Շամսուրյանին մեղադրանք է առաջադրվել 322 հոդվածի առաջին մասով՝ ինքնիրավչության համար, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Եվ ահա,տեղեկություններ կան, որ դատավորը Շամասուրյանին ազատազրկման չդատապարտելու համար 600 ԱՄՆ դոլար է ստացել ու սահմանափակվել տուգանք նշանակելով: «Ժողովուրդ»-ը այս պատմության մեկ այլ հերոսից՝ Գրիգոր Շամասուրյանից փորձեց պարզել, թե նա անձա՞մբ է դատավորին կառաշք առաջարկել, թե՞ դատավորն է նրան ստիպել գումար տալ՝ ցանկալի որոշում կայացնելու համար: Շամասուրյանն ասաց.«Զանգե՛ք դատավորին, իրենից էլ իմացեք, թե ի՞նքն է ինձ առաջարկել գումար տալ, թե՞ ես եմ իրեն առաջարկել»: Մեր այն դիտարկմանը, որ դատավորը կալանավորված է եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, պատասխանեց.«Կգա ժամանակը, ամեն ինչ էլ կիմանաք, ես որեւէ բան չեմ կարող ասել ու, առհասարակ, որեւէ բան չեմ էլ ասի, այս ամենի մասին ո՛չ լսել եմ ուզում, ո՛չ իմանալ:Երբ կգա վախտը, այն ժամանակ բոլորդ էլ կգաք, ինձ էլ կկանչեն, կիմանաք ամեն ինչ»: Իսկ թե ինչ ժամանակի մասին է խոսքը, Գրիգոր Շամասուրյանը չմանրամասնեց՝ նշելով, թե կատարվածը հերիք էր, ասելու բան չունի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երեկ ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ:

 

 

 
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐՈՎ «ԳՈՂԸ»
2 օր առաջ Չեխիայի Կառլովի Վարիում Չեխիայի Հանրապետության ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են «գողական սխոդկա», որի ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, պետք է տեղի ունենար նոր օրենքով գողերի թագադրություն։ Hayastan24.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են 3 գործող օրենքով գողեր՝ 58-ամյա Գայոզ Զվիաձեն՝ հանցագործ աշխարհում հայտնի Գիյա Քութայիսկին, 43-ամյա Գելա Կարդավան՝ նույն ինքը՝ Օլեգ Գոլոմբը, ինչպես նաեւ 42-ամյա մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը։ Վերջինս թագադրվել է այս տարվա մարտին՝ Գելայի ծննդյան տոնակատարության առիթով հանդիպման ժամանակ։ Ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր ձերբակալվածների մեկուսարանում։ Հավաքի ֆինանսական կազմակերպիչը, ասում են, Սոչիի հեղինակավոր գործարար Ռուբեն Թաթուլյանն է՝ Ռոբսոն մականվամբ, ով նույնպես հայտնվել է ձերբակալվածների թվում։ Մինչ հիմնական գործող անձինք այլ անձանց անձնագրերով էին ժամանում Չեխիա, Թաթուլյանն օգտվել է իր անունով հայկական դիվանագիտական անձնագրից։

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԿԸՀ
«Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դիմումում մասնավորապես ասված է. «2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն… շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել եւ բերվել է ընտրատեղամաս, եւ կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավորները, որ չեն գիտակցել եւ անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը»: Կուսակցությունը նաեւ նշում է, որ «Երեւանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի եւ հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե եւ շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ)»:

 

 

 

ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
Ադրբեջանի ԱԳՆ-ն սեւ «ցուցակում» է ներառել 4 բոլիվիացի պատգամավորների եւ 1 ուրուգվայցի իրավապաշտպանի` սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ այցելելու համար: «Սեւ ցուցակում» ներառված ուրուգվայցի իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան այս կապակցությամբ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բողոքի դիմում է ներկայացրել Ուրուգվայի կանցլերին եւ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին: «Հասկանում եմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական բնակչություն ունեցող երկրում, որը անկախացել է 25 տարի առաջ պատմության կամքով եւ ժողովրդի ընտրությամբ»,-ասել է իրավապաշտպանը:




Լրահոս