Չնայած կառավարության նոր ծրագիրը դեռեւս Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացվել, սակայն իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն արդեն հասցրել է ծանոթանալ ծրագրի աշխատանքային տարբերակին: Ինչպես նախօրեին լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, կառավարությունը հավակնոտ ծրագիր է մշակել:
«Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է՝ տարի առ տարի որ ոլորտում ինչ պետք է կատարվի, եւ սա նաեւ ենթադրում է հստակ պատասխանատվություն։ Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար», – նշել էր Վարդանյանը: Թեեւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ծրագիրը դեռ չբերած, արդեն գովում է այն, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չշտապեց փակագծեր բացել՝ նախընտրելով ծրագրի լավ եւ վատ կողմերի մասին ավելի մանրամասն խոսել խորհրդարանում կայանալիք քննարկման ժամանակ: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչ շեշտադրումներ են արված այս կառավարության ծրագրում, եւ, ի վերջո, ինչո՞վ է այն տարբերվելու Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած նախորդ ծրագրից:
-Երբ ծրագրի վերջնական տարբերակը կներկայացվի Ազգային ժողով, եւ մինչ այդ ՀՀԿ-ն վերջնական կհաստատի, խորհրդարանում մենք մեր կարծիքը կասենք: Բնականաբար ծրագրի հիմքը լինելու է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիոն համաձայնագրի փիլիսոփայությունը, նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի հայեցակարգային ելույթի փիլիսոփայությունը եւ, բնականաբար, նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը եւ այն ծրագիրը, որը նախկինում էլ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է, եւ այն ռազմավարությունը, որի մասին նա խոսել է բազում անգամներ:
-Նախորդ ծրագրի քննարկման ժամանակ հիմնական քննադատություններից մեկն այն էր, թե Կարապետյանի կառավարության ծրագրում թվերը բացակայում էին: Այս անգամ դրանք կլինե՞ն:
-Երբ ծրագիրը կլինի խորհրդարանում, ավելի մանրամասն կխոսենք: Հիմա ես կոռեկտ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ իրավական առումով դեռեւս մեզ մոտ չէ: Ես կհորդորեի մի քանի օր էլ սպասել, երբ կքննարկվի կառավարության ծրագիրը, Դուք հնարավորություն կունենաք ամբողջությամբ ուսումնասիրել, տեսնել, լսել քաղաքական ուժերի կարծիքը, եւ ինքներդ Ձեր հարգարժան ընթերցողին կներկայացնեք Ձեր օբյեկտիվ գնահատականը:
-Այնուամենայնիվ, հավակնո՞տ ծրագիր է լինելու:
-Ես չեմ կարծում, որ որեւէ կառավարության ծրագիր ոչ հավակնոտ է եղել: Ես հասկանում եմ, որ Դուք ուզում եք ինձանից քաշել այն բառը, որն ասել է ՀՅԴ-ի մեր հարգարժան գործընկերը: Սակայն ես երբեք ծրագրերի վերաբերյալ չեմ ասում հավակնոտ, ոչ հավակնոտ, գեղեցիկ, ուժեղ, հզոր… դրանով չէ: Կարեւորն այն է՝ այդ ծրագիրն արդյունավետ է, թե ոչ: Պարզապես ես ցանկանում եմ եւ իմ կողմից, որպես ԱԺ նախագահի տեղակալ եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ, ամեն ինչ անելու եմ, որ այն դրույթները, որոնք առկա են կառավարության ծրագրում, իրականություն դառնան: Պետք է իրականություն դառնա, որովհետեւ այդ դեպքում մեր հանրությունը եւ մեր պետությունը կշահեն:
-Պարո՛ն Շարմազանով, իսկ կարեւո՞ր չէ, թե այդ ծրագիրը կյանքի կոչող վարչապետն ով է լինելու:
-Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը եւ ես եւս մեկ անգամ խնդրում եմ Ձեզ ՀՀԿ-ի որեւէ մեկ անդամի, այդ թվում՝ կուսակցության նախագահի տեղակալներին, այդ թվում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին չառանձնացնել ՀՀԿ-ից: Հանրապետական կուսակցությունը մեկ միասնական թիմ է, եւ կարիք չկա այդ թիմում տեսնել, նաեւ առանձնացնել տարբեր թիմեր: Մենք մի քաղաքական միավոր ենք, մեկ մարմնի տարբեր թեւեր, որի գլուխը նախագահ Սերժ Սարգսյանն է:
-Եթե գնահատելու լինենք Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրը, ապա ի՞նչ կարող ենք արձանագրել: Այն կյանքի կոչվե՞լ է:
-Ամեն դեպքում, յուրաքանչյուր կառավարության եւ յուրաքանչյուր իշխանության գնահատական տալիս է հանրությունը: Հանրությունն իր՝ ապրիլի 2-ի ընտրությամբ հնարավորություն տվեց ՀՀԿ-ին ձեւավորել նոր կառավարություն եւ այդպիսով հավանություն է տալիս ՀՀԿ-ի կողմից վարվող քաղաքականությանը: Արդյունավետ է ամբողջությամբ, արդյունավետ չէ, դա մեկ, երկու կամ ութ ամսվա մեջ ամեն ինչ չի երեւալու: Ես ասեցի՝ ցանկանում եմ եւ իմ կողմից անելու եմ ամեն ինչ, որպեսզի նախագահի մատնանշած փիլիսոփայությունը դեռեւս փետրվարյան նրա ելույթում, մայիսի 18-ին ԱԺ անդրանիկ նիստի բացման ժամանակ նախագահ Սարգսյանի բերած սկզբունքները, կուսակցության նախընտրական ծրագրում առկա առաջնահերթությունները, այն է՝ անվտանգություն եւ առաջընթաց ապահովելու, ե՛ւ հավասար իրավական հնարավորություններ ստեղծելու, ե՛ւ ներդրումների համար միջավայր ստեղծելու, ե՛ւ այլ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ մենք հասնենք հաջողության: Հիմա այս փուլում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է քաղաքական պատասխանատուն, եւ, բնականաբար, ովքեր պատասխանատու են, նրանք պետք է ավելի շահագրգռված լինեն եւ ավելի շատ քայլեր ձեռնարկեն, որպեսզի դրանք իրականան:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը