Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, պետք է հրապարակվեր Իսրայել Սարգսյանի` Իսոյի գործով դատական վճիռը:
Նախագահողը, սակայն, հայտարարեց, որ նիստը հետաձգվում է: Հաջորդ` հուլիսի 3-ի նիստին վճիռը կհրապարակվի:
Հիշեցնենք` Իսրայել Սարգսյանը մեղադրվում է քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն` Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացո` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Իսրայել Սարգսյանի մայրը՝ տիկին Անժելան, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր որդու դեմ որևէ ապացույց չունեն և չգիտեն, թե այս ամենի վերջը ինչ է լինելու, որքանով է արդար, որ Տիգրան Ասատրյանը լինի ազատության մեջ, իր իսկ որդին՝ ոչ: «Մենք սպասում ենք, թե ինչ կլինի: Իմ տղան որևէ մասնակցություն չունի այդ դեպքի հետ, սա պատվեր է»,- նշեց նա: Հավելենք, որ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը պահանջել է, որպեսզի իր պաշտպանյալին ազատ արձակեն և արդարացնեն: