ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի մշակած օրենսդրական փաթեթի նախագծին:
Գործող օրենսդրությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում թվարկված հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն դրված է միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա։
Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վերը նշված երկու մարմիններից բացի, հետաքննության մարմիններ են նաև՝ հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, ինչպես նաև՝ օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով:
Հետևապես՝ նշված մարմինները ևս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանությունը՝ իրենց ենթակայության գործերով։ Բացի այդ, առաջարկվել է դեպքի վայրի պահպանման կանոնները հաստատել ենթաօրենսդրական ակտով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Օրենսդրական փաթեթով հստակեցվում է հետաքննության բոլոր մարմինների՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը՝ նպատակ ունենալով միասնական իրավական կարգավորում ձևավորել՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների համար:
ՀՀ քննչական կոմիտե