Հարց քաղաքացիներից` միայնակ թոշակառուն կարո՞ղ է օգտվել լույսի և գազի գումարի զեղչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես միայնակ թոշակառու եմ, ապրում եմ իմ թոշակով, որը կազմում է 37.000 դրամ, եւ ստանում եմ նպաստ` 18.000 դրամ: Խնդրում եմ ասեք` ես կարո՞ղ եմ օգտվել լույսի եւ գազի գումարի զեղչից: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ումրիկյան Անուշ Հայկի (Գաջեգործների 20)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ումրիկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում հաշվառված` անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

Ա. Ումրիկյանի ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ընտանիքի անապահովության միավորը 31.28 է, ստանում է սոցիալական նպաստ` ամսական 18.000 դրամ եւ ունի 2017 թվականի ընթացքում սպառած 600 խորանարդ մետր բնական գազի, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի համար նվազ սակագներով վճարելու իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջտակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ընտանեկան եւ սոցիալական նպաստների նշանակման դեպքում շահառու համարվող ընտանիքը կարիքների գնահատման արդյունքում պետք է ապահովի առնվազն 30.01-ից բարձր միավոր, որպեսզի ամենամսյա նպաստ ստանալու իրավունք ունենա, ապա հրատապ օգնության ծրագրի դեպքում շահառու ընտանիք ընտրելու չափորոշիչները շատ ավելի մեղմ են եւ անապահով ընտանիքն ավելի նվազ միավորներով է դառնում նպաստառու:

Ի դեպ, եթե անապահով ընտանիքը 3 ամիս անց նորից ուզում է օգտվել հրատապ օգնություն սոցաջակցությունից, ապա դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը նորից պետք է ներկայացնի:




Լրահոս