Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, Շարմազանովն ընդգծել է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: «ԵԱՀԿ Մինսկի խումբը նշել է երեք սկզբունք, որտեղ բացի տարածքային ամբողջականության սկզբունքից կան նաև ինքնորոշման իրավունքի և խաղաղ կարգավորման սկզբունքները: Եթե տարածքային ամբողջականության սկզբունքով պետք է լուծվի, ապա ի՞նչ գործ ունի այստեղ ինքնորոշման սկզբունքը: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, Արցախի ժողովուրդն իր ճակատագիրը որոշել է, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»,- նշել է Շարմազանովը: