ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓԵՍԱՅԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Հիշեցնենք` Մանուկյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներից եւ նախարար դարձավ կառավարության փոփոխությունից հետո` 2016թ. հոկտեմբերին: Այս հրաժարականը որքան էլ սպասելի էր, միաժամանակ կարելի է վաղաժամ համարել: Սպասելի էր, որովհետեւ, ըստ շրջանառվող լուրերի, այդ նախարարությունն իրականում ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, իսկ Մանուկյանը մղված էր երկրորդ պլան, եւ այդ պատճառով նրանց մեջ հակասությունները գնալով խորանում էին: Ակնհայտ էր, որ Մանուկյանն այս ընթացքում այդպես էլ իրեն չէր զգում «սեփական ափսեի մեջ», չկարողացավ ինքնադրսեւորվել: Համենայն դեպս, պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Մանուկյանը, գլխավորելով երկրի համար առանցքային ոլորտներից մեկը, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ. անգամ հրապարակային միջոցառումներին նրա մասնակցությունն էր աննկատ:
Միաժամանակ այս հրաժարականը վաղաժամ էր, որովհետեւ սպասվում էր՝ Կարեն Կարապետյանի մերձավոր նախարարներն իրենց պորտֆելին հրաժեշտ են տալու այս տարվա ապրիլին, երբ նոր Սահմանադրության պայմաններում ձեւավորվի նոր կառավարությունը: Բայց հավանաբար Մանուկյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա որոշել է գնալ «Տաշիր գրուպ»-ում բարձր պաշտոնի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` նախարարը հրաժարականի դիմում վարչապետին ներկայացրել է ավելի վաղ՝ Ամանորից առաջ, այդ մասին նաեւ ասել աշխատակիցներին: Սակայն հետո աշխատանքի է եկել եւ ասել, որ վարչապետի խնդրանքով է շարունակում պաշտոնավարումը:
Հավանաբար վարչապետի փեսա Հայկ Հարությունյանն էլ ստանձնելու է նախարարի պաշտոնը, եթե որեւէ բան չփոխվի իշխանական կուլիսներում առկա տրամադրությունների մեջ: Թեեւ Հայկ Հարությունյանը երեկ հերքել է այս տեղեկությունը:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը միակ կառույցն է, որ իրավունք ունի քրեական գործ հարուցել երկրի նախագահի դեմ, ՀՔԾ-ին էլ վերապահված է նախաքննություն իրականացնելու գործառույթը: Բայց նույն այդ կառույցներում փակցված են Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչը ենթադրում է, որ այդ գերատեսչությունների աշխատակիցները հարկ եղած ժամանակ կկաշկանդվեն պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին հարցրել է. «Ես քաղաքացի եմ, եկել եմ դատախազություն եւ Սերժ Սարգսյանի մասին հաղորդում եմ տալիս, նրա լուսանկարը տեսնելով Ձեր աշխատասենյակում` ինչպե՞ս վստահ լինեմ, որ անկախ, անկողմնակալ կլինեք այդ գործում»: Հովհաննիսյանն էլ պատասխանել է. «Մենք Ձեզ համար այնպիսի մթնոլորտ կստեղծենք այստեղ, որ Ձեր ուշադրությունը այդ լուսանկարը չի գրավի, անհոգ եղե՛ք»:

 

 

 

Նշանակվելով ՀՀ վարչապետ` Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով: Սակայն նրա հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չեն դարձել` մնալով թղթի վրա: «Ժողովուրդ»-ը փոքր ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ իրականություն են դարձել այն հանձնարարականները, որոնք ենթադրում էին օպտիմալացում, ծախսերի կրճատում. այդպես պետական կառավարման համակարգում լուծարվեցին ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ, օպտիմալացվեցին նաեւ որոշ ուսումնական հաստատություններ: Անգամ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի մասին վարչապետը շատ է սիրում խոսել, այդպես էլ ըստ էության իրականություն չի դարձել: Էլ չենք խոսում սննդամթերքի որակի եւ անվտանգության բարձրացման մասին. նրա ձեւակերպմամբ, «շանտղությունը», միեւնույն է, շարունակվում է: Ասել է, թե Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմները» այդպես էլ մնացել են օդից կախված: Հանձնարարականների շարքը՝ էջ 6:

 

 

 

Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է: Եւ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774.6 մլն դոլար: Նկատենք, որ այս գումարի զգալի մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 173.1 մլն դոլարը, որից միայն 4 մլրդ 893.4 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Համեմատության համար նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Այլ կերպ ասած` մեկ տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 832.5 մլն դոլարով: Փաստորեն, Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. այսրոպեական խնդիրները լուծելու համար նրա կառավարությունը եւս շարունակում է նորանոր գումարներ վերցնել` այն փակելու պարտականությունը թողնելով ՀՀ քաղաքացիների վրա: Մեկ փաստ էլ. ՀՀ կառավարության պետական պարտքը գերազանցել է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով սահմանված ՀՆԱ 60 տոկոսի շեմը` հաշվի առնելով երկրի տնտեսական աճի ու ՀՆԱ-ի նախնական հաշվարկները: Հիմա իշխանությունները պետք է բացատրություն տան կատարվածի համար կամ էլ ՀՆԱ-ի մեծ աճ նկարեն` այս ամենը կոծկելու համար:

 

 

ՀԱՐՑԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻ՞Ն
Այս տարվա ԱԺ առաջին նստաշրջանը սպասվածից կարճ տեւեց. խորհրդարանն արդեն նիստերի երկրորդ օրը սպառել էր օրակարգը եւ պարապուրդի մատնվել, իսկ երեկ ընդհանրապես նիստ չեղավ: Ու քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է. «Հերթական նիստերն ավարտվում են օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո», ամեն ինչ «արագի մեջ» ավարտվեց:
Նկատենք, որ քաղաքական առումով կատարվածը, մեղմ ասած, անհասկանալի է: Պարզվում է` խորհրդարանը քննարկելու նախագծեր չունի մի ժամանակահատվածում, որն օրենսդիր մարմնի համար ամենածանրաբեռնվածն ու աշխատատարը պետք է լիներ: Ի վերջո, Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի է, եւ դեռեւս բազմաթիվ օրենքներ պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: Սա ինքներդ եք հասկանում` ինչ ահռելի աշխատանք է ենթադրում: Սահմանադրական փոփոխություններից հետո երկրում արմատապես փոխվել է պետական կառավարման համակարգը, հետեւաբար հարկավոր է վերջին քսան տարվա ընթացքում ընդունված օրենքները համապատասխանեցնել նոր իրողություններին: Հետո` Սերժ Սարգսյանն օրերս ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս ԱԺ-ի իրականացրած աշխատանքին, ընդգծել էր, թե «չպետք է բավարարվել արվածով»: Բայց ԱԺ-ն բավարարվել է, որովհետեւ անհիշելի ժամանակներից օրինագծեր հեղինակելու նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել կառավարությունը` ԱԺ-ին վերածելով դակիչ մարմնի: Ու հիմա կառավարությունն է ուղղորդում ԱԺ-ի աշխատանքները` սահմանելով, թե որքան ծանրաբեռնված պետք է այն աշխատի: Պատահական չէ, որ այժմ ԱԺ օրակարգում ընդգրկված 51 նախագծերից միայն 9-ի հեղինակն են պատգամավորները, մնացած 42-ը ներկայացրել է կառավարությունը: Իսկ օրակարգում դեռեւս չընդգրկված 71 նախագծերից ԱԺ պատգամավորների ներկայացրածը 23-ն է: Էլ չենք խոսում այն մասին, որ կարեւորագույն նախագծերը կառավարությունն ԱԺ է բերել արտահերթ նիստերով, մինչդեռ, պարզվում է, հարկ եղած ժամանակ ԱԺ-ն նաեւ ազատ ժամանակ ունի, որպեսզի հերթական նիստերում կարեւոր հարցերը քննարկի: Հիշում եք` հապշտապ ընդունվեցին Հարկային օրենսգիրքը, Զինապարտության մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները, երբ սահմանափակվեց տարկետման իրավունքը, Դատական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը եւ այլն: Այս ամենը հայաստանյան ներկա քաղաքական համակարգի պարագայում միանգամայն նորմալ է. պատգամավորներն իրենք էլ առանձնապես չեն դժգոհում կառավարության կցորդի կարգավիճակից: Միայն ընդդիմադիր խմբակցություններից են այս թեմայով բողոքում, այն էլ նրանց թիվը բավարար չէ` ձայնը լսելի դարձնելու համար:




Լրահոս