ԳՆԱՃԱՅԻՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ` ՄԻ ՔԱՆԻ ԱՐԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիմակայությունը գնալով ավելի բացահայտ դրսեւորումներ է ստանում: Հատկապես հունվարի 1-ից սկիզբ առած գնաճը՝ պայմանավորված Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով, այս առումով հիանալի առիթ է հանդիսացել:

Մինչ Կարեն Կարապետյանն ամանորյա տոներից հետո շարունակում էր վայելել հանգիստը, մենկելով հնգօրյա արձակուրդի, Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել՝ սպառողական շուկայում արձանագրված գնաճի վերաբերյալ: Ավելին` Ս. Սարգսյանը գնաճի հետեւանքները մեղմելու ուղղությամբ հանձնարարականներ էր տվել տնտեսական ոլորտի պատասխանատուներին:
Բայց նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր հերթին փորձում էին համոզել, թե գնաճը վերահսկելի է, անգամ որոշ ապրանքներ էժանացել են: Իսկ վարչապետի «Ո՞ր գինն է չոքել մեր դռանը» հարցը, կարելի է համարել սյուրռեալիզմի ժանրից: «Հարցը դնելիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ: Ամեն ինչը համեմատության մեջ է: Մեր օֆիցիալ գնաճը 2.6 տոկոս է, 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում է: Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի ա: Ես ասում եմ՝ սարսափելի չի»,- ԱԺ-ում բորբոքվել էր նա:
Բնականաբար, Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը չընդունվեց հասարակության կողմից, սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա նկատմամբ դժգոհության նոր ալիքի պատճառ դարձավ: Ու հիմա Սերժ Սարգսյանը փորձում է հասարակական դժգոհությունները նրբորեն ուղղորդել դեպի կառավարություն: Մանավանդ, երբ Ամանորից հետո երեկ իր գլխավորությամբ անցկացված կառավարության նիստին Կարեն Կարապետյանն այդպես էլ որեւէ բառ չասաց գնաճի ու դրա հետեւանքների մասին, կարծես՝ սակագների բարձրացումը բոլորովին օտար երկրում է եղել:
Փոխարենը երեկ` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, Սերժ Սարգսյանը կրկին խոսել է գնաճից: Ըստ նախագահականի պաշտոնական հաղորդագրության` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Ս. Սարգսյանին է ներկայացրել «առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմման վերաբերյալ Նախագահի` մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը»:
Ու հիմա ստացվում է հետեւյալ պատկերը՝ Սերժ Սարգսյանը մտածում է ժողովրդի մասին, անգամ մտահոգված է գնաճի թեմայով, հանձնարարականներ է տալիս, հետեւում դրանց իրականացմանը` մի քանի օր անց խորհրդակցություն հրավիրելով: Մինչդեռ Կարեն Կարապետյանը, ընդհակառակը, թքած ունի ժողովրդի վրա, ավելին՝ համոզում է, թե գնաճ չկա, որոշ ապրանքատեսակների թանկացմամբ, սարսափելի ոչինչ չի պատահել:
Համաձայնեք, առաջին հայացքից բավական նրբորեն, լավ է բեմադրված: Ու հետո` ձեռքի հետ էլ Սերժ Սարգսյանը նման քայլերով իրեն պահում է որպես ապագա վարչապետացու (հիշեցնենք՝ նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն է դառնալու երկրի առաջին դեմքը, իրական ղեկավարը): Մանավանդ, երբ նախորդ տարի ԱԺ ընտրություններից հետո էլ իշխանությունների առաջ Ս. Սարգսյանը դրել էր առաջիկա 25 տարիների Հայաստանի զարգացման խնդիրը` մատնանշելով կոնկրետ ցուցանիշներ եւ ժամկետներ:
Բայց որքան էլ գեղեցիկ կազմակերպված լինի այս բեմականացումը, այնուամենայնիվ, կա մեկ էական բացթողում: Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձում է ձեւացնել, թե ինքը կապ չունի գնաճի հետ, դեռ ավելին՝ մտածելով ժողովրդի մասին` փորձում է պայքարել դրա դեմ, միեւնույն է` համոզիչ չի հնչում: Ի վերջո, Սերժ Սարգսյանը` որպես պետության ղեկավար, նույնքան պատասխանատու է կատարվածի համար, հատկապես, երբ առանց նրա գիտության բացառված է որեւէ տեղաշարժ: Եւ հետո` իր գլխավորած ՀՀԿ-ն քաղաքական մենաշնորհ է հաստատել. ՀՀԿ-ի կառավարությունն է հեղինակել Հարկային օրենսգիրքը, եւ ԱԺ-ում ՀՀԿ մեծամասնությունն է ընդունել այն, եւ, վերջապես, Ս. Սարգսյանն էլ ստորագրությամբ վավերացրել է գնաճի ալիքի պատճառ դարձած փաստաթուղթը: Այնպես որ, կատարվածի համար պատասխանատու է իշխանությունն ամբողջությամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ…
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ հունվարի 8-ին Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էր հղել իր գործընկերներից Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ կառավարության կայքից: Միայն թե, նկատենք, պարզ չէ՝ Կարապետյանն ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել` միայն այս երկու երկրների վարչապետներին շնորհավորելով: Եթե ՌԴ վարչապետին շնորհավորել է որպես ԵԱՏՄ անդամ երկրի կառավարության ղեկավարի, ապա պարզ չէ, թե ինչո՞ւ է անտեսել Բելառուսի վարչապետին: Իսկ եթե որոշել է շնորհավորել ԱՊՀ պետությունների վարչապետներին, ապա անհասկանալի է՝ ինչո՞ւ ուղերձ չի հղել Ուկրաինայի եւ Մոլդովայի կառավարությունների ղեկավարներին: Երեւի Կարեն Կարապետյանի համար մենք ենք, Ռուսաստանն ու Վրաստանը: Չնայած, հայտնի ֆիլմում ասվում էր, թե մենք ենք ու Ավստրիան:

 

 

ԷԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԴԵՄ
Երեւանի քաղաքապետարանը դատի է տվել գործարար Միխայել Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին, որը, սակայն, վաղուց սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հունվարի 17-ին քաղաքապետարանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դադարեցնել «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ մինչ այդ ունեցած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը: Նշենք, որ այս գործով Կենտրոն դատարանում որպես պատասխանող 3-րդ անձ է ներգրավված ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը: Ի դեպ, ավելի վաղ՝ 2014թ. օգոստոսին, այս ընկերությանը պատկանող, Մանանդյան 41 հասցեում գտնվող 9 մլրդ դրամ արժողության անշարժ գույքը պետական բյուջեին ունեցած պարտքի դիմաց ամրակցվել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը:

 

 

ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ
ՀՀ ապագա վարչապետի հարցում անորոշությունն իր հետ անորոշ է պահում նաեւ կառավարության ներկայիս անդամների, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի թիմ անդամների ճակատագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հասկանալ՝ իրեն վերանշանակվելու երաշխիքներ տրվե՞լ են:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեզ երաշխիքներ տրվե՞լ են, ապրիլից հետո կվերանշանակվե՞ք:
-Ոչ մեկը կյանքում ոչ մի երաշխիք չունի: Լավ լինի՝ կմնամ, վատ լինի՝ կգնամ:
-Իսկ Ձեզ համար ո՞վ է երկրի ապագա վարչապետը՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:
-Դա կուսակցությունը կորոշի, իրենք էլ կներկայացնեն: Կուսակցությունը ոնց որոշի, այնպես էլ կներկայացնի:

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տեւականությամբ, եւ մշտապես հանդես են գալիս կոչով` գտնելու բանակցված որոշում: Դեսպանը նշել է, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է եւ ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում. «Ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի մասին է»,-ասել է Լաքոտը:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նոյեմբերյանի ԲԿ-ին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նա ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող Ադիբեկ Միկոյանն է: Վիրավոր զինծառայողն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը:

 

 

ԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին` փաստաբանների պալատի խորհրդի նախագահի եւ անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար: Նրանք ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված` դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը:
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ
ՀՀ կառավարությունը մերժել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է. այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին: Աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն: Նախարարն ասել է, որ նախագծի` նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող` ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից: «Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին»: Այսպիսով` ըստ կառավարության` նախագծով առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաեւ չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:

 

 

37.000 ԴՈԼԱՐ ՀԱՎԱՔՎԵԼ Է
Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ: ArmLur.am-ը տեղեկացել է, որ զինծառայողի վիրահատության համար արդեն հավաքվել է 37 հազար դոլար գումար:




Լրահոս