ՀՀ դատախազության մասին օրենքի 7-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազի ապաքաղաքականացվածության մասին, հստակ սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»:
Չնայած դատախազության մասին օրենքը հստակ սահմանում ունի, սակայն իրավիճակը միանգամայն այլ է: Երեկ նկատեցինք, որ Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի աշխատասենյակի պատին փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, անդրադառնալով քննիչների եւ դատախազների համագործակցությանը, մատնանշել էր. «Օրինակ՝ կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում»: Դուք` որպես Արարատի մարզի դատախազ, եղե՞լ է դեպք, որ ցուցում եք տվել որեւէ քննիչի, բայց նա չի կատարել, ու խնդրի մասին տեղյակ եք պահել ՀՀ գլխավոր դատախազին, գլխավոր դատախազն էլ զեկուցել է Սերժ Սարգսյանին:
-Եթե մեջբերում կատարեցիք հանրապետության նախագահի խոսքից, այնտեղ կար նաեւ այսպիսի մի շատ կարեւոր հանգամանք, որ քննիչների պատճառաբանությունը` այդ ցուցումները չկատարելու, շատ ժամանակ հանգում են նրան, որ այդքան էլ կարեւոր բաներ չեն այդ ցուցումների մեջ ասվածներ, որ պետք է կատարվեն: Հանրապետության նախագահի խոսքում նշվեց նաեւ, որ դուք ավելի լավ եք համոզված, որ այդ ցուցումների մեջ քիչ կարեւորության բաներ չկան, որովհետեւ քննության արդյունքում դուք ինքներդ կպարզեք, որ դրանք շատ ավելի կարեւոր էին, քան այն, ինչ-որ մտածում էիք:
Իսկ ինչ վերաբերվում է Ձեր բուն հարցադրմանը, որ ես ինքս գլխավոր դատախազին ներկայացրել եմ այսպիսի իրավիճակ, թե ոչ: Կոնկերտ քննիչների անպարտաճանաչության կամ ցուցումների պահանջները չկատարելու պարագայում` ո՛չ: Ես պարբերաբար ներկայացնում եմ մարզում տիրող քրեածին իրավիճակը, մարզում քննվող նախաքննության ընդհանուր դինամիկան, կոնկրետ գործով կոնկրետ քննիչի աշխատանքի վերաբերյալ որեւէ կոնկրետացված բան չի եղել, ես ընդամենը զեկուցել եմ եւ պարբերաբար զեկուցում եմ մարզի տարածքում դատախազության աշխատանքների դինամիկայի վերաբերյալ, դրանից հետո դատողությունները գլխավոր դատախազինն է:
-Այնուամենայնիվ, ցուցումներն անտեսելու, չհամագործակցելու քանի՞ դեպքեր են եղել եւ ո՞ւմ մասնակցությամբ: Կոնկրետ դեպք կասեք:
-Չհամագործակցության մասին չի խոսքը, խոսքը վերաբերում է այն աշխատանքային իրավիճակին, որ դատախազը կկազմի դատավարական փաստաթուղթ, կտա ցուցում, այդ ցուցումի պահանջների կատարման, դրա դինամիկայի վերաբերյալ դատախազը… ակնկալածը չի արդարանում քննիչի կատարած գործողությամբ:
-Կոնկրետ օրինակ կասեք:
-Բազմաթիվ էդպիսի դեպքեր կլինեն: Մեկ օրինակ` մեր կողմից նշված 112-րդ հոդվածով, որ նշեցինք, բռնության հետքերով դիակ էիք հայտնաբերել, մենք 112-րդ հոդվածով գործ ենք քննում: Այս պարագայում, որ մենք կարողանայինք դատաբժշկին ամբողջությամբ պատկերը տայինք, թե այդ մարմնական վնասվածը, որ կար նրա գլխի շրջանում, արդո՞ք կարող էր առաջանալ հեծանիվով նրա գլխին հարվածելու պարագայում, թե՞ ոչ, պետք է ներկայացնեինք նաեւ հեծանիվը: Դեպքի վայրում ես ինքս մասնակցել եմ դեպքի վայրի զննությանը, եւ դեպքի վայրի զննության ժամանակ բանավոր քննիչին հանձնարարել ենք, որ այս հեծանիվը կվերցնեք անպայման եւ կհանձնեք փորձագետին, որպեսզի նա կարողանա համապատասխան գործողություններ իրականացնել: Այսօր քննարկման ժամանակ պարզում ենք, որ 40 օր անցել է, եւ այդ հեծանիվը քննիչը չի առգրավել:
-Ի՞նչ է պատճառաբանում քննիչը:
-Հիմա, եթե դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը տա մի հատ ցուցում եւ ծառայողական քննություն կատարելու միջնորդություն ներկայացնի, ճիշտ կանի, չէ՞:
-Դուք միջնորդություն ներկայացրե՞լ եք:
-Պատրաստվում ենք անել, դեպքերից մեկը սա է, այսինքն` այսպիսի գործով, որ մենք ունենք, որ վնասվածքը կարող է առաջանալ հեծանիվով նրա գլխին խփելու պարագայում, բայց չունենք հեծանիվը, իհարկե, անմիջապես պետք է հետեւի դատախազական ներգործության միջոց, անմիջապես պետք է քննիչը կարգապահական պատասխանատվության ենթարկվի, վաղը այս ամենի արդյունքում մենք կարող ենք ունենալ փորձագետի եզրակացություն, որ ամբողջությամբ լույս չսփռի մեր քրեական գործի վրա: Այսպիսի դեպքեր աշխատանքային ռիթմի մեջ կարող են բազմաթիվ լինել:
-Մամուլում հրապարակվեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում ստուգումներ են եղել, խախտումներ են հայտնաբերվել, եւ հարուցվել է քրեական գործ: Կա՞ նման բան:
-Համենայնդեպս դատախազության կողմից դատախազությունը ինքը ստուգումներ իրականացնող սուբյեկտ չէ, դատախազության կողմից որեւէ այդպիսի նախաձեռնողականություն կամ դատախազության դատավարական ղեկավարման ներքո գտնվող գործերով որեւէ այդպիսի ստուգումներ չի իրականացվել, իսկ թե ինչ ստուգումների մասին է խոսքը, չեմ կարող ասել:
-Դուք միակ մարմինն եք, որ իրավունք ունեք հանձնարարել, որ ՀՀ նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցվի, բայց փակցրել եք նրա լուսանկարը Ձեր աշխատասենյակում, վախենո՞ւմ եք:
-Որեւէ վախով դա պայմանավորված չէ, եթե Դուք նկատում եք` այդ լուսանկարը փակցված է հանրապետության զինանշանի, հանրապետության պետական դրոշի միջնամասում, եւ հենց այդ տրամաբանության մեջ էլ այդ լուսանկարը իր տեղը գտել է:
-Իսկ ինչպե՞ս եք անկախ, անկողմնակալ գործելու:
-Որեւէ խնդիր չկա անկախության մասով, որովհետեւ ես չէի ուզենա հարցը այս հարթության մեջ դիտարկենք, դատախազության անկախությունը մենք պետք է դիտարկենք դատախազության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի շրջանակներում :
-Ես քաղաքացի եմ, եկել եմ դատախազություն եւ Սերժ Սարգսյանի մասին հաղորդում եմ տալիս: Նրա լուսանկարը տեսնելով` ես ինչպե՞ս վստահ լինեմ, որ անկախ, անկողմնակալ գործ կքննեք:
-Մենք Ձեզ համար այնպիսի մթնոլորտ կստեղծենք այստեղ, որ Ձեր ուշադրությունը այդ լուսանկարը չի գրավի, անհոգ եղե՛ք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«ԶՈՆ ՆԱՅՈՂԸ»` ՊԱՏԺԱԽՑՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց: ArmLur.am-ը հունվարի 6-ին գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Մասնավորապես ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի համաձայն` ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի կալանավոր Էդգար Սիմոնյանը եւ իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի դատապարտյալ Արթուր Սաֆարյանին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում անել:
Ավելին` «Ժողովուրդ»-ը գրել էր, որ միայն Արթուր Սաֆարյանը չէ, որ ՔԿՀ-ի «զոն նայողի» եւ նրա թիմակիցների կողմից ճնշման է ենթարկվել, բանն այն է, որ ՔԿՀ-ում տարածված լուրերի համաձայն` 603 խցի մեկ այլ դատապարտյալ եւս նման խնդրի առաջ էր կանգնել:
Երեկ տեղեկացանք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը իրավիճակին լուծում տալու համար «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել է պատժախուց, իսկ դատապարտյալներին խոստացել է, որ Սպարտակ Դանիելյանի մասով այլ պատժամիջոցի կդիմի:
Ի դեպ, նշենք, որ Սպարտակ Դանիելյանը դատապարտվել է խարդախության գործով: Նա անցած տարի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել, որին մեկ ամիս անց իրավապահները հայտնաբերեցին Երեւանում: Հավելենք, որ Սպարտակ Դանիելյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեսչական հսկողության բաժնի պետի Արսեն Դանիելյանի որդին է:
ՊԱՏԱՆԴԱՌՈՒԻ ՔՈՒՅՐԸ
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած հարձակումից հետո պատանդ վերցված փոքրիկ երեխային է այցելել Արգամ Հովիկյանի քույրը՝ Կատյա Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արգամ Հովիկյանի քույրը, գնալով երեք տարեկան երեխայի տուն, ներողություն է խնդրել նրա հարազատներից: Փոքրիկի ծնողներն ասել են, որ բողոք չունեն, պարզապես իրենց երեխան այդ ամենի հետ կապ չուներ եւ չպետք է թիրախ դառնար:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը` Լիլիթ Հովհաննիսյանին: Նա դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը Լիլիթի տատիկն էր, եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Տղամարդը այդ քայլին գնացել էր նախկին կնոջ հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով:
ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ
Երեկ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են ԹԸի 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի եւ «ձՐՈս» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «07»-ում գտնվող Ա. Հովհաննիսյանն ու Մ. Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղեւորը` Է. Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Մահացածները հայր ու որդի էին: Նշենք, որ «ձՐՈս»-ը, որով զինվորներ էին տեղափոխվում, հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում. զինվորները չեն տուժել:
«ԶԱՊԱՍՈՎ» ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում, ամբաստանյալների պաշտպանները բողոքել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշման դեմ: Այն է` ամբաստանյալների համար նաեւ հանրային պաշտպաններ են ներգրավվումն այն դեպքում, երբ նրանք իրենց նախընտրած` պայմանագրային պաշտպաններն ունեն: Հարցի առնչությամբ ամբաստանյալների պաշտպաններից Գրիշա Բալասանյանը կարծիք է հայտնել, որ փոխանակ նիստը շարունակվի ամբաստանյալների պայմանագրային պաշտպաններով, դատարանը նրանց համար նաեւ հանրային պաշտպանների է նշանակում, որոնք վարձատրվում են պետության կողմից: Բալասանյանը դատավորին հորդորել է «զապասով» պաշտպաններ չնշանակել. «Եթե այդպես եք վարվում, ես էլ հարցնում եմ` իսկ «զապաս» դատավորն ո՞ւր է»,-նշել է նա: Հանրային պաշտպաններ Անուշ Մխիթարյանն ու Լուսինե Ասլանյանը միջնորդել են իրենց հեռացնել գործի վարույթից, քանի որ «Սասնա ծռեր»-ն իրենց պաշտպաններն ունեն: Դատավոր Ա. Գաբրիելյանը որոշել է մերժել միջնորդությունը եւ հանրային պաշտպաններին թողնել գործի վարույթում: «Սասնա ծռեր»-ն այժմ ունեն ե՛ւ պայմանագրային, ե՛ւ հանրային պաշտպաններ: