76 տարեկանում կյանքից հեռացել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ով հանրահայտ գիտնական լինելուց բացի նաև մեծ ներդրում ունի գիտության պոպուլյարզիացիայի գործում:
Հոքինգը ծնվել է 1942 թվականին Օքսֆորդում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տիեզերքի առաջացումը Մեծ պայթյունի հետևանքով և սև խոռոչների ուսումնասիրությունը:
Հոքինգն ավարտել է Օքսֆորդի համալսարանը, իսկ 1966 թվականին Քեմբրջի համալսարանում գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել ընդլայնվող տիեզերքների թեմայով:
Սթիվեն Հոքինգը դեռ ուսանողական տարիներից տառապում է հազվագյուտ հիվանդությամբ` ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նաև հայտնի է որպես Լու Գեհրիգի հիվանդություն։ 1964 թվակաին բժիշկները նրան 2-3 տարվա կյանք էին կանխատեսում: Հիվանդության պատճառով Հոքինգը տասնամյակներ շարունակ չի կարողացել որևէ շարժում անել, անգամ խոսել: Նա տեղաշարժվում էր հատուկ սայլակով, որի տեխնիկական հնարավորությունները թույլ էին տալիս շփվել արտաքին աշխարհի հետ: